Սահմանադրական դատարանի համար սա աննախադեպ իրավիճակ է․ Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Էդգար Շաթիրյանը համառոտ ներկայացրեց դիմողների խնդրանքը, որոնցով, ըստ էության, առաջարկվում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

«Երկու դաշինքների դիմումներն ընդունվել են քննության, երկու կուսակցությունների դիմումները ընդունվել են քննության՝ մասամբ»,-ասաց դատավորը:

Շաթիրյանը ներկայացրեց գործի քննության շրջանակներում էական հանգամանքները:

«Հայաստան» դաշինքն առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները, ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

«Հայոց հայրենիք» կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներ են նշվել նրանք, որ ընտրական գործընթացում չի ապահովվել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձևը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ընթացքում տեղի է ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, համատարած բաժանվել է ընտրակաշառք և այլն:

«Պատիվ ունեմ» դաշինքի կողմից առանձանցված էական հանգամանքներն են՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են ընտրողի կամքի ձևավորման և արտահայտման ազատության վրա, տեղի են ունեցել ընտրությունների հավասար պայմանների ապահովման սկզբունքի էական խախտումներ, որոնք նախընտրական քարոզչության ընթացքում դրսևորվել են ընտրություններին մասնակցող թեկնածուների և քաղաքական ուժի լուսաբանման խտրական և ոչ հավասար պայմաններով, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի ներգրավմամբ, որի արդյունքում քաղաքական ուժը ստացել է նշանակալի առավելություններ: Դաշինքը շեշտադրումը կատարել է վարչապետի պաշտոնակատարի հրապարակային ելույթներին և այդ շրջանակում, իր գնահատմամբ, ատելության խոսքին: Դիմողն անդրադարձել է նաև ընտրական գործընթացում, իր գնահատմամբ տեղի ունեցած ճնշումներին և ձերբակալություններին:

Շաթիրյանի զեկույցից հետո դատավոր Արևիկ Պետրոսյանը հարցեր ուղղեց վերջինիս։

«Դուք համաձայնել եք լինել միավորված 4 գործով, վստահ ծավալը պատկերացնում եք։ Սահմանադրական դատարանի համար այս տարիների ընթացքում սա աննախադեպ իրավիճակ է նման թվով դիմումների և առկայության և ծավալների առումով։ Արդյոք հասցրել եք պատշաճ ուսումնասիրել դիմումներում ներկայացված ենթադրյալ խախտումները, կարողացե՞լ եք իրականացնել դասակարգումներ այն իմաստով, որ սա միավորված գործ է, սակայն միասնական դիմում չէ և չի կարող ընկալվել։ Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան դիմողների կողմից ներկայացված փաստարկների առումով․․․Կան այպիսի միջնորդություններ, որոնց ՍԴ պետք է արագ անդրադառնա»,-հարցրեց դատավորը։

Շաթիրյանը նշեց, որ դեմ չի եղել, որ իրենից բացի գործով այլ զեկուցողներ նույնպես ներգրավվեն, սակայն դատարանը որոշել է, որ գործով զեկուցողը մեկը պետք է լինի։ Նա նշեց, որ ստացված փաստաթղթերի ծավալը ահռելի է։

«Մի քանի հազար էջ է։ Անգամ այսօր առավոտյան մի քանի հարյուր էջ նյութեր են մուտքագրվել։ Շատ ինտենսիվ աշխատել եմ և գրեթե մինչև նիստին գալը աշխատում էի»,-նշեց Շաթիրյանը։

Դատավորը նշեց, որ առաջարկելու է «Պատիվ ունեմ» դաշինքի երեկ ներկայացված միջնորդությունը ավելի արագ քննարկել։

Դատավորները ևս մի քանի հարց ուղղեցին գործով զեկուցողին, որից հետո դատարանը առաջարկեց 1 ժամ ընդմիջում հայտարարել։

14։00-ին գործի քննությունը կշարունակվի, դատարանը կորոշի նյութերի հետազոտման կարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել