Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությունը`
– ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը: Մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը և գործունեության այլ առանձնահատկությունները՝ ոստիկանության պետը.
– սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու, ինչպես նաև անչափահաս անձանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառման շրջանակում նրանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկում իրականացնելու կարգը և այդ նպատակով ամսական մեկից ոչ պակաս հանդիպում ունենում նրանց հետ.
– իրենց նկատմամբ ընտանիքում բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին.
– կազմակերպում է իր համապատասխան ծառայողների` ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովում է այլ մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին իր համապատասխան ծառայողների մասնակցությունը.
– կայացնում է անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաև հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ոստիկանության պետի սահմանած կարգին համապատասխան.
– մշակում է անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները և կազմակերպում իր համապատասխան ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով.
– Լիազոր մարմնին տրամադրում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը:
Նշենք, որ այս լիազորությունները սահմանված են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համաձայն։