Հրապարակվեց Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների դատավճիռը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց Արտակ Նազարյանի գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ սույն գործով հինգ ամբաստանյալները` Հակոբ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը, Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը մեղադրվում են պայմանագրային զինծառայող, լեյտենատ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ:

Դատարանը ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով, և այդ հոդվածի սանկցիայով դատապարտեց ազատազրկման 1 տարի ժամկետով, նրան մեղավոր ճանաչեց նաև ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով և այդ հոդվածի սանկցիայով դատապարտեց ազատազրկման երկու տարի ժամկետով, մեղավոր ճանաչեց նաև ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով և այդ հոդվածի սանկացիայով դատապարտեց ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի երկրորդ մասով մեղավոր ճանաչեց և այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտեց ազատազրկման վեց տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատարանը Հակոբ Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում` 10 տարի ժամկետով:

Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենքսգրքի 38-375 հոդվածի 2-րդ մասով և նրան դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով: Դատարանը ամբաստանյալներ Ադիբեկ Հովհաննիսյանին և Մխիթար Մխիթարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և այդ հոդվածի սանկցիայով դատապարտեց չորսական տարի ազատազրկման: Ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի առաջին մասով և դատապարտեց երեք տարի ազատազրկման: Նշանակված պատժի նկատմամբ դատարանը կիրառեց ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում կիրառելու մասին որոշման առաջին կետի առաջին ենթակետը և նրան ազատեց պատժից:

Դատավճռի հրապարակումից հետո, մինչև դատավոր Մարդանյանը կհեռանար դատարանի դահլիճից, դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատներից մեկը բարձրաձայն իր դժգոհությունը հայտնեց դատարանին, բացականչելով «Ամոթ ձեզ»:

Իր վրդովմունքը չկարողացավ զսպել ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի հայրը, ով բարձրաձայն իր դժգոհությունը արտահայտեց. «Էդ անմեղ էրեխեն ի՞նչ է արել, ինչի՞ եք դատում, եկեք ընտանիքի վիճակը տեսեք»: Որդու չորս տարվա ազատազրկումը ուշագնացության հասցրեց Ադիբեկի մորը, որին բժշկական օգնություն ցուցաբերեց դատարան ժամանած «շտապ օգնության» անձնակազմը:

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել