«Մարդ պիտի հոգի դնի իր գործում»․ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ աշխատանքի, ընտանիքի, համակարգի ու առկա խնդիրների մասին

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանը երբեք չի մտածել ողջ կառույցը կառավարելու հնարավորությունն ունենալու մասին։ Երկար ժամանակ Տավուշի մարզում աշխատելով՝ թողել է ծննդավայրը, հայրական տունն ու տեղափոխվել Երևան՝ աշխատանքն այստեղ շարունակելու համար։

Մինչ Երևան տեղափոխվելը նա 2003 թ-ից մի շարք պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, 2012-16 թվականներին եղել է Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալը՝ օպերատիվ գծով, 2016-18 թվականը՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետը, 2018-19 թվականը՝ Տավուշի մարզային վարչության պետը:

Իրավաբան․net-ի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ ոստիկանապետը պատմել է ընտանիքի, իր աշխատանքի, ոլորտի խնդիրների ու ցանկությունների մասին։

-Պարոն Ղազարյան, Դուք ծնունդով Տավուշից եք ու 2003 թվականից մինչ 2019 թվականը ոստիկանության համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրել եք այդ մարզում։ Դժվա՞ր չէր ծննդավայրը թողելն ու Երևանում աշխատանքի անցնելը։ Ինչպե՞ս ընդունեցիք Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ նշանակվելու առաջարակը։

-Մենք ծառայող ենք, հրամանը պարտավոր ենք կատարել։ Անկեղծ ասած, սկզբում ոստիկանության զորքերի հրամանատար լինելն ինձ համար խորթ էր։ Բայց հիմա կարելի է ասել, որ իմ լավագույն տարիներն անցկացրել եմ ոստիկանության զորքերում։ Ամենասկզբից էլ ես կարողացա այդ կոլեկտիվում ընդունվել, հարգվել, սիրվել։

Իմ համար առաջնային սկզբունք է եղել արդարությունը։ Ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում նախկինում եղածի մասին խոսել։ Դրա համար էլ մրցույթ հայտարարեցինք սպայական կազմի համար, ինչն արդյունք տվեց, անգամ նախկին աշխատակիցներ դիմեցին։

Տավուշ աշխարհը շատ եմ սիրում, եթե մի օր ժամանակ եմ ունենում, ինչը հիմա շատ դժվար է, անպայման գնում եմ այնտեղ։ Տավուշում ծնողներս են, ընկերներս։

– Ինչ դժվարությունների հանդիպեցիք փոխոստիկանապետի պաշտոնից շուրջ մեկ տարի անց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին անցնելու ժամանակ։ (Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել ՀՀ նախագահի 2020 թ. հունիսի 8-ի հրամանագրով)։

-Լուրջ պատասխանատվություն էր։ Չեմ ուզի խոսել իմ կատարած աշխատանքի մասին։ Ավելի լավ է իմ աշխատանքի գնահատականը հասարակությունը տա։ Կորոնավիրուս, պատերազմ, հետպատերազմյան շրջան, շատ դժվար ժամանակաշրջան էր։

-2020 թվականի Արցախյան պատերազմին մասնակցել են շատ ոստիկաններ, ցավոք ունենք զոհվածներ, անհետ կորածներ և վիրավորում ստացածներ: Արդյո՞ք ոստիկանությունը, բացի պետական միասնական ծրագրերից, ունի և իրականացնում է երկարաժամկետ ու շարունակական իր ծրագրերը` ուղղված զոհված, անհետ կորած ոստիկանների ընտանիքների և վիրավորում ստացած ոստիկանների սոցիալ-տնտեսական, առողջապահական ու այլ խնդիրների լուծմանը:

-Անհետ կորածներ ունենք, Շիրակի մարզի Աշոցքի բաժնի պետ Արմեն Ղազարյանը։ Ամեն ջանք դնում ենք նրանց գտնելու համար։

Փորձում ենք օգնել զոհվածների մայրերին, երեխաներին, ընտանիքի մյուս անդամներին։ Լինում է՝ աշխատանքի տեղավորման հարցով ենք օգնում։ Հիմա էլ, ամեն մարզ գնալուց, գոնե մի տուն անպայման մտնում եմ։ Շուշիում, երբ մշակույթի տան վրա հարված եղավ, ընկերներ կորցրի այդտեղ։

Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը զբաղվում է մեր աշխատակիցների հարցով, կապ պահում, զանգում, խոսում ընտանիքի անդամների հետ։ Փորձում ենք ամեն կերպ իրենց կողքին կանգնել։ Աշխատակից ունենք, որի որդին շատ լուրջ վնասվածք ունի, ոտքերը, ձեռքը ամպուտացված է, հիմա ճանապարհներ ենք փնտրում նրան արտերկիր ուղարկելու, օգնելու, որ հետո սերունդ կարողանա ունենալ։ Նման խնդիրներ էլ կան։

Վիրավորներին էլ աջակցում ենք, եթե ցանկություն հայտնում են շարունակելու՝ ընդառաջում ենք։ Այժմ պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը պետք է ստեղծվի, նախապատվությունը վիրավորում ստացած ոստիկաններին ենք տալու, որ աշխատանք ունենան։

– Դուք 3 երեխա ունեք, մեկ դուստր և երկու որդի, նրանցից որևէ մեկը շարունակու՞մ է ձեր մասնագիտությունը։

-Հերոս տղա ունեմ, ժամկետային զինծառայող է։ Պատերազմի ամբողջ ընթացքում՝ առաջին օրից մինչև վերջին օրը մասնակցել է մարտական գործողություններին, Քարվաճառում է եղել։ Մեծացել է, սպիտակել․․․ Պոլիտեխնիկում է սովորում, իր պապի գործն է շարունակում, մի քանի ամիս է մնացել ծառայությանը, ասում է՝ գամ, շինարարական մի ընկերություն մտնեմ, աշխատեմ։

Աղջիկս բժշկական համալսարանում է սովորում՝ արդեն ասպիրանտուրայում է։ Փոքր տղաս էլ դպրոցական է՝ 9-րդ դասարան, ինքն էլ որոշել է ծրագրավորող դառնալ։

-Եթե ցանկություն ունենան ոստիկանության համակարգ մտնելու, դեմ կլինե՞ք։

-Ոչ, իհարկե ոչ, ուրախ կլինեմ, կօգնեմ։

-Ձեր կինը չի բողոքու՞մ, որ Ձեզ քիչ է տեսնում։

-Համակերպվել է։ Իջևանում 7 տարի բաժնում եմ աշխատել, որից մաքսիմում 3 տարին տանը քնած լինեմ, թե չէ․․․ Բնավորությամբ այնպիսին եմ, որ մինչև գործս չավարտեմ՝ տուն չեմ գնա։ Իմ օպերներին էլ էի ասում՝ մինչև գործը չավարտենք՝ տուն գնացող չկա։ Ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի։ Կարևորում եմ խիստ կարգուկանոնը։

– Լինում են դեպքեր, երբ Դուք գնում եք դեպքի վայր, որքանո՞վ եք կարևորում այս պրակտիկան, ի՞նչ է սա տալիս։ 

– Համարյա 17 տարի համակարգում եմ, օպերլիազոր եմ եղել, քրեական հետախուզության բաժանմունքի պետ և այլն, իմ մեջ մտած է դա՝ գնալ, տեղում տեսնել՝ ինչ է եղել։ Ես շատ անհամբեր եմ նման հարցերում։ Շատ կարևոր է դեպքի վայրը, մի փոքր բանից, մի դետալից կարող է ամբողջ հանցագործությունը բացահայտվել։ Պետք է տեղում լինել, դու էլ քեզ պատկերացնես, թե ոնց է արել, իր տեղը լինեիր՝ ինչ կանեիր։

– Հասարակության-ոստիկանություն կապը, վստահությունը համակարգի նկատմամբ ինչպե՞ս եք այժմ գնահատում։ 

– Ավելի շատ կուզեի դա մեր աշխատանքով գնահատվեր։ ժամանակին գնահատվում էր հանցագործությունների բացահայտումներով, իսկ հիմա՝ արտաքին ծառայությամբ։ Պարեկային ծառայության հետ ես մեծ հույս եմ կապում։ Պետք է ողջ Երևանը փոխվի դրանով։ Հասարակության ընկալումն էլ փոխվի։

-Տարիներ առաջ ոստիկանության շարքերը համալրեց հրեշետակների գումարտակը, այն, ինչ սպասվում էր այս գումարտակից՝ այսինքն հասարակության բարձր վստահություն, մտածելակերպի փոփոխություն, կարծես թե այդքան էլ մեծ արդյունք չտվեց։ Արդյո՞ք մտավախություն չկա, որ պարեկային ծառայությանն էլ նույն ճակատագրին կարժանանա։

-Ամեն ինչ կախված է ղեկավարից։ Իր պահանջները թուլացրեց՝ ոչինչ չի լինի։ Պետք է ամեն ինչի տիրապետի, որ կարողանա ղեկավարի։ Ես ուրախ եմ, որ հին աշխատակիցները շատ չեն, մոտ 30 տոկոսը․ նոր ծառայություն՝ նոր մարդկանցով։ Վրիպում չպետք է լինի։ Հիմա ղեկավար կազմի ընտրության խնդիր ունենք, պետք է այնպիսի մարդ լինի, որ ամեն ինչ դրվի իր ուսերին ու կարողանա կատարել խնդիրը։

-Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մեջ նշվում է ծառայության գրավչության, կադրերի պատրաստման և մասնագիտական զարգացման մասին։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

-Մեր պատկերցրած ոստիկանությունը դեռ չունենք։ Ժամանակ է պետք ոստիկանություն-հասարակություն կապի, վստահության համար։ Մինչև պատերազմը, ես ուզում էի առաջարկ ներկայացնել, որ Ոստիկանության ակադեմիան ավարտելուց հետո պարտադիր զինծառայության չտանեն։ Եթե պատերազմ է լինում՝ միևնույն է ոստիկանության զորքերը, աշխատակիցները գնում են։ Եթե ուսման կուրսերը մի փոքր փոխենք, այդ ուղղությամբ էլ, կարծում եմ արդյունք կլինի։

-Շարունակելով խոսել հասարակություն-ոստիկանության համակարգ կապի մասին՝ կխնդրեմ նշեք, ըստ Ձեզ, հաղորդակցությունը, կապը բավարար չափո՞վ է կազմակերպվում։ Խնդիր տեսնու՞մ եք, որ նույնիսկ ոստիկանության բարեփոխումները երբեմն հասարակությանը բավարար չափով չեն ներկայացվում, ոչ բոլորն են իրազեկ լինում փոփոխությունների մասին, ինչը ոստիկանության փակ համակարգ լինելու տպավորություն է ստեղծում։

-Միանշանակ։ Մենք բոլոր հարցումներին պատասխանում ենք, գործարկում ենք Police.am կայքը, ֆեյսբուք սոցցանցում ոստիկանությունն իր էջն ունի, պարբերաբար քաղաքացիների ընդունելություններ ենք կազմակերպում, մի քանի օրից նորից ընդունելություն ենք նախապատրաստում։ Ոստիկանությունն էլ փակ համակարգ չի քաղաքացիների համար։

-Այժմ նախատեսվում է Ներքին գործերի նախարարություն ստեղծել, որի ենթակա մարմիններից մեկը լինելու է ոստիկանությունը։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ և արդյոք այս կերպ ոստիկանությունը չի տարվում քաղաքական իշխանության վերահկողության տակ, հշավի առնելով այն հանգամանքը, որ ՆԳ նախարարի պաշտոնը այսուհետ դառնալու քաղաքական պաշտոն։

-Նախագիծը համ լավն է, համ վատը։ Ես կողմնակից եմ չշտապելուն։ Իհարկե, եթե մի բան էլ ի օգուտ ոստիկանության չի լինում, ասում ենք՝ ինչի այսպես եղավ, այնպես չեղավ և այլն։ Փորձը ցույց է տալիս, որ պրակտիկան ու օրենքը լրիվ տարբեր են, պետք է այն կիրառել՝ հասկանալու համար, թե որքանով էր արդյունավետ։

Ինչ վերաբերում է քաղաքականացնելուն՝ Պաշտպանության նախարարությունը հիմա քաղաքականացվա՞ծ է։ Կա ՊՆ-ն ու կա Գլխավոր շտաբը։ Զուգահեռ կարող ենք անցկացնել․ հիմա էլ կլինի Ներքին գործերի նախարարությունն ու ոստիկանությունը։

-Պարոն Ղազարյան, աշխատավարձի չափն ի՞նչ նշանակություն է ունենում որակյալ ծառայություն ակնկալելու հարցում, ի՞նչ եք կարծում, ՀՀ ոստիկանն այժմ բավարա՞ր աշխատավարձ է ստանում։ Մամուլում ակտիվ տարածվեց, թե ոստիկանների աշխատավարձը գրեթե 100 տոկոսով բարձրանում է։ 

-Իհարկե նշանակություն ունի ու շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին՝ ասեմ, որ բարձրացումը միայն պարեկային ծառայության աշխատողներին է վերաբերում։

Աշխատողների համար լավ պայմաններ են ստեղծվել։ Մեր աշխատանքն է՝ կանխել, բացահայտել հանցագործությունները։ Եթե ոստիկանը գործ է բացահայտում, հատկապես՝ ծանր, առանձնապես ծանր գործ՝ խրախուսվում է։ Կարող է մեկ ամսում 4-5 գործ բացահայտել ու մոտ 2 միլիոն դրամ ստանալ։ Սա պարգևատրում է լավ աշխատանքի համար։ Մարդն աշխատում է ու առանց որևէ մի կոռուպցիայի՝ լավ վաստակում։

-Մեր զրույցում կարմիր թելի պես անցնում է մարզային բաժինների վերազինումը։ Խնդիր ունե՞նք այս առումով։

-Հիմա վառելիքի խնդիր չունենք։ Մարզերում տրանսպորտի խնդիր էլ չի ունենա ոստիկանը։ Ամեն բաժնում զուտ ծառայողական 4-5 մեքենա կլինի։

Երևանի մեկ օրվա ծանրաբեռնվածությունը կարող է մարզի, օրինակ Գեղարքունիքի, ծանրաբեռնվածության մեկ շաբաթվան հավասար լինի։ Ծանրաբեռնված մարզերից է Արմավիրը, Կոտայքը, Արարատը։

Ես միշտ նշել եմ, որ ոստիկանության Կենտրոնական ապարատը պետք է բաժինների կողքին լինի ցանկացած հարցով։ Մոտ 50 մեքենա ապարատից մարզեր ենք ուղարկել։ Դա անձնակազմերի համար մեծ ոգևորություն է, օգնություն աշխատանքին։

Մարդ պետք է համակարգն իմանա, մտնի օպերի կարգավիճակի մեջ, հասկանա՝ ինչ է հարկավոր։ Ես այդ ամենն իմ մաշկի վրա զգացել եմ։ Մարդ պիտի հոգի դնի իր գործում, որ արդյունքի հասնի։ Հիմա խոսում ենք Ներքին գործերի նախարարության մասին․ նախարարը կարող  է շատ կիրթ, բարեվարք լինի, ցանկանա բարեփոխումներ իրականացնել, բայց համակարգին լավ չտիրապետի։

– Վերջին շրջանում, հատկապես Երևանում, շատ են նկատվում ոստիկանության մեծաթիվ ուժեր, օրինակ վարչապետի տեղաշարժի ժամանակ։ Ըստ որոշ փորձագիտական կարծիքների դրանով տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանությունը այդպես խառնվում է քաղաքականության գործընթացներին: Ինչպես կմեկնաբանեք սա:

-Երբ ընդդիմությունն էր իշխանությունը, այդ ժամանակ էլ ամեն ինչ անում էինք, որ կոնֆլիկտներ չլինեին, նույնն էլ՝ հիմա։ Նշանակություն չունի՝ ով է վարչապետը, Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ․ մենք ամեն ինչ անում ենք, որ բախում չլինի, կոնֆլիկտ չլինի։

Օրինակ՝ Եռաբլուրում, գիտե՞ք որքան լարված էինք մենք, եթե հանկարծ մի լուրջ բան լիներ, մի բախում լիներ։ Քարեր, կրակայրիչներ էին նետում։ Մի բան պատահեր, մի կաթիլ արյուն գնար՝ ողջ աշխարհով խայտառակ կլինեինք։ Բոլորը պետք է իրենց չափի մեջ, կոռեկտ պահեն։

Նոյեմբերի 10-ից մինչ օրս, ամեն օր ոստիկանությունից մոտ 600-700 հոգի զբաղված է ներքաղաքական գործընթացներով, չէ որ ակցիաներ, բողքի ցույցեր, երթեր են անցկացվում։ Մեծ բան էր, որ ոչ մի ծայրահեղ քայլ չեղավ, մի կաթիլ արյուն չթափվեց։

Մեր առաջնային խնդիրը հասարակական կարգը պահելն է ու վերջ։

Ես կողմնակից չեմ, որ համակարգը հաճախակի փոխվի, ցնցումների մեջ ընկնի։ Ոստիկանությունում քաղաքական առումով որևէ հետապնդում չի եղել, որևէ անձի չենք հեռացրել։ Բոլոր դաշտերից էլ մարդիկ կան, մեկի եղբայրն է, մեկի, քույրը, հայրը և այլն։ Ես ասել եմ՝ մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, Ֆեյսբուքից էլ դուրս ենք գալիս ու գործով զբաղվում։

-Սոցցանցերում Ձեզ չենք նկատում, դե՞մ եք։

-Պատերազմի ժամանակ էլ սոցցանցերն իրենց «մեղավորությունն» ունեին։ Ու առհասարակ, ֆեյքերը, ատելությունը, մեկնաբանությունները։ Չեն հավանում ինձ և/կամ իմ աշխատանքը, թող իմ աշխատանքը վատաբանեն, ինձ մի բան ասեն, բայց ոչ իմ ընտանիքին։ Գրել էին, թե ուզում են տղայիս հերոսի կոչում տալ․․․ շատ վիրավորական էր ինձ համար։ Շատ են սուտ լուրեր գրում։ Կուզեմ՝ նախ ամեն մեկն իր խղճի առաջ պատասխան տար։

-Շուտով ընտրություններ են լինելու, ի՞նչ քայեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։

-Ուզում ենք քաղաքական ուժերին հրավիրել, կապ չունի՝ հենց ղեկավարը կգա, թե այլ ներկայացուցիչ, բայց ուզում ենք հանդիպում անցկացնել, պայմանավորվել, որ քարոզարշավների ժամանակ ոչինչ չպատահի, ամեն ինչ հանգիստ անցնի։ Եթե մի քաղաքական ուժի ղեկավար մի մարզ ուզենա գնա՝ չպետք է խոչընդոտեն, նման դեպքերը պետք է բացառենք։

Հիմա լավ կապ ենք պահում նաև Արցախի ոստիկանության հետ, մեր դատախազության, ՄԻՊ-ի, Քննչական կոմիտեի հետ․․․ Ես լավ հարաբերությունների մեջ եմ նաև մեր նախկին ոստիկանապետերի հետ՝ Վլադիմիր Գասպարյանի, Վալերի Օսիպյանի, Արման Սարգսյանի, Ալիկ Սարգսյանի հետ։ Շատ հեռախոսազանգեր եմ ունեում, լավ խորհուրդներն ընդունում եմ, իրեն փորձը մեծ նշանակություն ունի։

Երբ դեռ Դիլիջանի բաժնի պետն էի, դեռ նախկին իշխանության ժամանակ, առաջարկել են Տավուշի մարզային վարչության պետ դառնալ, բայց ես երբեք չեմ պատկերացրել, որ կդառնամ ոստիկանապետ։

Իմ համար իմ ուսադիրները, անունը, հարգանքը, պատիվը շատ կարևոր են։

-Խոսենք նաև հասարակության հուզող խնդիրներից։ Վերջին շրջանում շատացել են արձանների կամ դրանց դետալների գողությունները: Ինչ գործուն քայլեր են կատարվում ոստիկանության կողմից դրանց բացահայտման ուղղությամբ։

-Մենք տեղյակ ենք դրանց մասին։ Կարծում ենք շուտով բացահայտումներ կլինեն։ Հիմա լուրջ խնդիր է նաև պետհամարանիշների գողությունը։ Հատկապես «գոլդ» համարանիշերը գողանում են, հետո գումար պահանջում՝ դրանք վերադարձնելու համար։ Գիտեք, որ համարանիշն ուղղակի վերականգնել չի լինում։ Միգուցե օրենսդրական փոփոխություն է պետք։

-Թա՞նկ է լավ ոստիկանություն ունենալը։

-Այո։ Այժմ կիբերհանցագործություններ են տեղի ունենում, որոնց բացահայտման համար հատուկ մասնագետներ են պետք։ Ոստիկանությունը պետք է միշտ մի քայլ առաջ լինի, հիմա լինում է, որ իրենք են մի քայլ առաջ լինում, օնլայն վարկեր են ձևակերպում, վաճառքներ անում և այլն։ Այդ ամենը կանխելու համար մասնագետներ են պետք։ Պետք է պատրաստ լինենք բոլոր մարտահրավերներին, թե՛ տեխնիկապես, թե՛ մասնագետներով։

-Դուք անձնապես, որպես ոստիկանության համակարգում երկարամյա փորձ ունեցող անձ, ինչը կցանկանայիք առաջնահերթ փոխել։

-Աշխատավարձերի բարձրացում լիներ։ Մեր ոստիկաններն իրոք շատ են տանջվում։

Մեր երկրին կայունություն է պետք։ Ես իմ երկիրը շատ եմ սիրում ու չեմ պատկերացնում ուրիշ տեղ ապրել։

 

Ալիսա Չիլինգարյան

Լուսանկարները՝ Վահե Վարդանյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել