Ռուստամ Բադասյանը՝ Դատական օրենսգրքի, նոր Սահմանադրության, ընտրությունների մասին

Ռուստամ Բադասյանը մինչև պաշտոնի նշանակման քննարկումը երբեք իրեն չի պատկերացրել այդ պաշտոնում, ընտանիքի անդամներն էլ մեծ ոգևորությամբ չեն ընդունել լուրը։

«Ստացել եմ առաջարկը, գնահատել ենք իրավիճակը՝ ինչ մարտահրավերներ ունենք դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում, ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ Հայաստանին և ես հասկացել եմ, որ այդ հարցով կարող եմ օգտակար լինել։ Առաջարկը ստացել եմ հանրապետության վարչապետից»,-նշում է Բադասյանը։

Արդարադատության նախարարը՝ խոսելով պաշտոնավարման ընթացքում իր համար ամենակարևոր փոփոխությունների մասին,  նշում է օրենսդրական նախաձեռնությունների և դրանց հիմնավորվածությունների լրջության մասին։

«Մենք ընդունել ենք 4 ոլորտային ռազմավարություն, նախարարությունը նաև ներգրավվել է ոստիկանության ռազմավարության մշակմանն ու իրագործմանը, և այդ ռազմավարությամբ այնպիսի քանակի օրենսդրական և ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններ են նախատեսված եղել և շատերն իրականացվել, որը կարծում եմ բացառիկ ցուցանիշ է։ Եվ իհարկե, մեր քաղաքացիների համար այդ փոփոխություններից կամ նախաձեռնություններից շատը տեսանելի չեն եղել, բայց եթե նայենք կոռուպցիայի ընկալման համաթվին և Հայաստանի արձանագրած բացառիկ հաջողություններին այս ոլորտում, բնականաբար, սա շատ լավ ազդակ է, որ մեր նախաձեռնությունները, օրենսդրական փոփոխությունները հասնում են իրենց նպատակին»,-նշում է Ռուստամ Բադասյանը։

Թե ինչ մասնակցություն կունենա նախարարը առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դեռ վաղ է ասել և այդ մասին քննարկում դեռ չի եղել։ Ինչ վերաբերում է երկրում ռազմական դրության ռեժիմի վերացմանը՝ ընտրություններով պայմանավորված, նշում է․ «Պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը լավագույնս կպատասխանի հարցին, և կարծում եմ, որ պաշտպանության, անվտանգության ոլորտում խնդիրներ ունենք և հանրային գերակա շահից է բխում ռազմական դրության այն տեսքով պահպանումը, որն ունենք մենք այսօր, բայց, բնականաբար, այն անվերջ տարածվող չի կարող լինել և նաև արտահերթ ընտրությունների ենք պատրաստվում, և ռազմական դրության ռեժիմը, կարծում եմ մոտակայում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում, որը չի վնասի այն հարցերի լուծմանը, որի հիմքում ռազմական դրության հայտարարումն ու հետագա պահպանումն է եղել և այդ ռեժիմից դուրս կգանք»։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովի կողմից հապճեպ ընդունելը կարող են լրացուցիչ բարդություններ առաջացնել։ «Ընտրությունների կազմակերպման և անցկացման տեսանկյունից, կարծում եմ, որ գործող Ընտրական օրենսգրքով ևս հնարավոր է անցկացնել ազատ ընտրություններ։ Իհարկե, իմ համար ևս ցանկալի կլիներ, որպեսզի այն բոլոր դրույթները, որոնք տարիներ շարունակ քննադատվել են՝ կլինի ռեյտինգային համակարգը, կամ սահմանադրական այլ կարգավորումներ, փոփոխված լինեին և նոր անցկացվեին ընտրություններ, բայց էական խոչընդոտներ չեմ տեսնում նաև գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալուն»,-ասաց նախարարը։

«Հարցազրույց գործադիր մարմնի անդամի հետ» շարքում արդարադատության նախարարը խոսել է Դատական օրենսգրքի փոփոխությունների, դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել