Վարչական դատարանը երեկ՝ մարտի 10-ին, վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 11:00-ին: Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գործին որպես երրորդ կողմ ներգրավվել են ՀՀ վարչապետը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։