«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններից մեկը վերաբերում է դրոշմանիշային վճարներին:
Իրավաբան․net-ը հայտնում է, որ եթե մինչև 2020 թվականը սույն օրենքում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում էին 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով, ապա 2021 թվականի հունվարի 1-ից օրենքով սահմանվել է դրույքաչափերի սանդղակ: Այն է`յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` ներքևում նշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով`
- աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք,
- աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք,
- աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք,
- աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք;
- Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 1500 դրամ
- 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 3000 դրամ
- 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 5500 դրամ
- 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 8500 դրամ
- 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 15 000 դրամ։
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
- Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
- 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 36 000 դրամ
- 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 66 000 դրամ
- 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 102 000 դրամ
- 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 180 000 դրամ
Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`
1) վերը նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ.
2) այն անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները.
3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: