Գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս մաքրելու, զտելու դատական համակարգը և այդ հնարավորությունից պետք է օգտվել․ Գագիկ Ջհանգիրյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Ջհանգիրյանին 20 րոպե ժամանակ տրվեց ելույթի համար։ Վերջինս անդրադարձավ ԲԴԽ-ի խնդիրներին։

«ԲԴԽ հիմնական առաքելությունը դատավորների և դատարանների անկախության երաշխավորումն է։ Այստեղից հետևում է, որ այդ մարմինը պետք է լինի անկախ, գործի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը»,-նշեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ խորհրդի սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են մարմնի անկախ գործունեությունը ապահովելու համար։

Ջհանգիրյանը անդրադարձավ ստորադաս դատարանների անկախությանը վերադաս դատարաններից հարցին։ Ըստ նրա՝ ստորադաս դատարանները ֆունկցիոնալ առումով կախված են վերադաս դատարաններից։

«2007-ին ընդունված դատական օրենսգիրքը, ըստ էության, մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ։ Բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, կարողանում է պարտադրել ստորադաս դատարանների դատավորներին իրեն ցանկալի որոշում կայացնել։ Օրենսգիրքը հստակ գործեց 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր մարդիկ անհիմն, հորինած, մոգոնած մեղադրանքներով ազատազրկման դատապարտվեցին, կալանավորվեցին և այլն։ Կարծում եմ՝ այդ բուրդը, ինչ-ինչ բացառություններով, մինչև օրս գործում է»,-հայտարարեց թեկնածուն։

Ջհանգիրյանի խոսքով՝ գործող դատական համակարգը հնի ժառանգորդն է և իներցիայով շարժվում է առաջ։ Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս մաքրելու, զտելու դատական համակարգը և այդ հնարավորությունից պետք է օգտվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել