Պաշտոնաթող նախարարներից մի քանիսը պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չեն ներկայացրել

2020 թվականին գործադիրի անդամներից մի քանիսն ազատվեցին պաշտոնից։ Մասնավորապես․  Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության, Զարուհի Բաթոյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արայիկ Հարությունյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տիգրան Խաչատրյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանվում է հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը։ Հոդվածի 4-րդ կետում նշվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։

6-րդ կետի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ:

Նույն օրենքի 36-րդ հոդվածով էլ սահմանվում են հայտարարագրման ժամկետները, ըստ որի․

1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը։

2. Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքին համապատասխան պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:

3. Եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:

Նշենք, որ մինչ օրս նշված պաշտոնաթող նախարարներից պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր ներկայացրել է Ֆելիքս Ցոլակյանը։ Այն ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։

Արայիկ Հարությունյանը, որը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրի համաձայն, ևս չի ներկայացրել պաշտոնի դադարեցման հայտարարագիրը, սակայն հարկ է նշել, որ նա, ՀՀ վարչապետի նոյեմբերի 24-ի որոշմամբ, նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրենքի համաձայն, պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում:

Այսինքն, Արայիկ Հարությունյանը պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի և պետք է ներկայացնի միայն տարեկան հայտարարագիր։

Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից ազատվել էր ՀՀ նախագահի նոյեմբերի 16-ի հրամանագրի համաձայն, Զարուհի Բաթոյանը, Դավիթ Տոնոյանը՝ նոյեմբերի 20-ի հրամանագրի, իսկ Տիգրան Խաչատրյանը՝ նոյեմբերի 26-ի հրմանագարի համաձայն։ Դրանից հետո որևէ կառույցում նրանց որևէ պաշտոնի նշանակման մասին հայտարարություն չի արվել։

Խախտվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը (Հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը)։

Հարկ է նշել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ նոյեմբերի 11-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվել է․

Մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրման համակարգը հայտարարագրերի լրացման, հայտարարագրում առկա տվյալների ուղղման և հայտարարագրերի հետ կապված այլ գործողությունների համար հասանելի է միայն պետական մարմինների տարածքից՝ պետական մարմինների սպասարկման այ-փի հասցեին միացած համակարգիչներից։

Հաշվի առնելով նման սահմանափակումները՝ Հանձնաժողովը տեղեկացնում է.

  1. Հանձնաժողովի կողմից պատասխանատվություն չի սահմանվի բոլոր այն հայտարարատուների (ներառյալ՝ պաշտոնատար անձի ընտանիքի անդամները) նկատմամբ, ովքեր պետական մարմինների սպասարկման ցանցին միացված համակարգիչներին հասանելիություն չունեն և չեն կարող լրացնել հայտարարագրերը։

  2. Այն բոլոր հայտարարատուները, ովքեր օգտագործում են պետական մարմինների սպասարկման ցանցին միացված համակարգիչներ, օրենքով սահմանված ժամկետներում պարտավոր են ներկայացնել համապատասխան հայտարարագրերը։ Խնդրում ենք կապ հաստատել Հանձնաժողովի հետ՝ առանձին հարցերի վերաբերյալ ուղղորդումներ ստանալու համար։

Արդեն 2021 թվականի հունվարի 14-ին ԿԿՀ-ն նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը։ Այն հայտարարատուները, ովքեր վերը նշված օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունեցել կատարել հայտարարագրման պարտավորությունը, համակարգի հասանելիությունն ապահովելուց հետո կարող են պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիրը ներկայացնել մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետում հայտարարագրման պարտավորությունը կատարելու դեպքում նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի: Համակարգը վերագործարկելուն պես Հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կտարածի, ինչպես նաև կտեղեկացնի բոլոր գերատեսչություններին։

Ներկայումս, համակարգի ամբողջական վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում պետական գերատեսչությունների միջոցով իրականացվում են հայտարարատու անձանց բջջային հեռախոսահամարներիայլ անձնական տվյալների, ինչպես նաև ընտանիքի կազմի ճշգրտման միջոցառումներ։ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը լրացնելու համար հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման էլեկտրոնային համակարգին հասանելիություն ապահովելու նպատակով Հանձնաժողովը  ծանուցումներն իրականացնելու է բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով: Հաղորդագրությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ անհատական հաշիվներն ակտիվացնելու նպատակով, ուստի մինչև հաղորդագրությունը ստանալը համակարգ մուտք գործելու անհրաժեշտություն չկա։

Բջջային հեռախոսահամարներին համապատասխան հեռախոսային ծանուցումները կուղարկվեն 2021 թվականի հունվարի 18-ից հետո։

Հիշեցնում ենք նաև, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է, սակայն հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով Հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայտարարագրման գործընթացը սկսել բջջային հաղորդագրությունը ստանալուն պես, որպեսզի Հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ աջակցել հայտարարատուներին»:

Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է միայն տարեկան հայտարարագրերի մասին, բայց պաշտոնը դադարեցնելու հայտարարագրերի մասին ոչինչ ասված չէ։

Իրավաբան.net-ը՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք վերոնշյալ անձիք փորձել են հանձնաժողովին ներկայացնել հայտարարագրերը, թե՝ ոչ, կամ հնարավո՞ր է ներկայացրել են, սակայն տեխնիկական խնդիրներից ելնելով չի հրապարակվել․ հանձնաժողովից գրեթե նույնաբովանդակ պատասխան ենք ստացել, ինչ արդեն հրապարակված էր պաշտոնական կայքէջում։ Պատասխանը ևս ներկայացնում ենք ստորև․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել