«Օրենքի համաձայն իրավաբան գիտնականը օրենքի որևէ այլ ճանապարհ չունի Բարձրագույն դատական խորհրդի կազմում հայտնվելու՝ բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց»։
Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ասաց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում թեկնածությունն այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում։
«Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, որ ձայները չեն բավարարելու, որովհետև 3/5-րդն է պահանջվում ընտրության համար, բնականաբար ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ։ Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, ես քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում․ ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։
Ջհանգիրյանը նշեց, որ դեմ չի լինի, որ իրեն առաջադրեն նաև Ազգային ժողովի մյուս խմբակցությունները ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։
Ինչ վերաբերում է իր 65 տարին լրացած լինելուն և օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներին, նա ասաց, որ կարող են բացել Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարեցման հիմքերը, ըստ որի դատավորների համար տարիքային սահմանափակումներ նախատեսվում են, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։
«Այս նույն օրենսգրքով նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը, նայեն հատկապես 186-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերին։ Այդ հոդվածում կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակում այդ հոդվածում նախատեսվո՞ւմ է, բացի 112-րդ հոդվածի սահմանափակումները: Իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։ Հետևաբար, եթե մեկն ընտրվում է 62 տարեկանում, ըստ այդ հայտարարության տրամաբանության, 65-ում այդ ավտոմատ դադարման հիմքը 186-րդ հոդվածը նախատեսած լիներ։ Օրենքը մեկնաբանում են ոչ թե որևէ հոդված ընթերցելով, օրենքը իր ամբողջ հոդվածների մեջ պետք է մեկնաբանել։ Ես հատուկ այդ խնդիրն ուսումնասիրել եմ։ 65 տարին իրավաբան-գիտնականի համար ոչ Սամանադրությամբ ոչ Դատական օրենսգրքով նախատեսված չէ»։
Ինչ վերաբերում է աշխատանքային մթնոլորտին, նա նշեց․ «ԲԴԽ-ի մեծ մասն իմ ուսանողներն են, իմ կոլեգաներն են, ես էնտեղ որևէ վատ մթնոլորտ չեմ տեսնում»։