Ի՞նչ պատիժ է սահմանված պետական գաղտնիք հրապարակելու համար

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է, որ ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`

  • «Հատուկ կարևորության»,
  • «Հույժ գաղտնի»,
  • «Գաղտնի»:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:

Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանվում են պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսվող պատիժները։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ 306-րդ հոդվածի համաձայն․

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝ պատժվում է կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

307-րդ հոդվածով սահմանվում են պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը, ըստ որի․

1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության, ինչպես նաև պետական գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող այլ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով պարտավոր էր պահպանել այդ կանոնները, եթե դա անզգուշությամբ առաջացրել է այդ փաստաթղթերի կամ առարկաների կամ համակարգչային տեղեկատվության կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ 50-150 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ 100-250 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել