Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչությանը՝ Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում ու գյուղերում։ Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։
Առանց խտրականության (indiscriminate) Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են հայտնվել քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ նույնպես, այդ թվում՝ դպրոցներ և տներ, որպիսի պայմաններում առաջացնելով իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:
Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան մարդու իրավունքների կոպիտ խախտումների ակնհայտ դրսևորումներ են, որոնք ուղղակիորեն ոտնահարում են Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը։ Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց և ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ ու մասնակցությամբ։
Այս պատերազմական գործողությունների պատճառներից է նաև այն ռեժիմը, որպիսի պայմաններում կառավարվում է Ադրբեջանը։ Դեռևս 2012 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի տարվա առաջին անձը մրցանակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագծի (OCCRP) կողմից։[1] Ընտրության պատճառներից մեկն էր՝ 2012 թվականի ընթացքում նոր բացահայտումներ եղան այն մասին, որ Ալիևի ընտանիքը մեծ մասնաբաժին է ձեռք բերել տնտեսության եկամտաբեր ճյուղերում, այդ թվում` հեռահաղորդակցության, օգտակար հանածոների և շինարարության ոլորտներում, որոնք հաճախ իրականացվում են կառավարության հետ կապված գործարքների միջոցով:
Այնուհետև, 2017 թվականին Մալթայում Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային կոռուպցիոն սկանդալում։ Այս ամենը հիմնավորում են այն օբյեկտիվ վարկածը, որ այսօր Արցախում նախաձեռնած լայնածավալ պատերազմական գործողությունները միտում ունեն Ադրբեջանի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա կոռուպցիոն սկանդալներից և կառավարման կարգերից։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր աջակցությունը Արցախի և Հայաստանի իշխանություններին՝ բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, սանձազերծած ագրեսիան դադարեցնելու և խաղաղության վերահաստատման նպատակով։
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ և վերսկսել բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման և տարածաշրջանային կայունությունը վերականգնելու նպատակով։
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
«27» սեպտեմբերի, 2020