Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երեք դատավորների՝ նախագահող դատավոր Եվա Դարբինյանի, Սերգեյ Չիչոյանի և Գագիկ Ավետիսյանի մասնակցությամբ «հարսին ծեծած սկեսուրի գործով» լսվեց ամբաստանյալի՝ Մարիամ Գևորգյանի նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանի վերջին խոսքը:
Եվա Դարբինյանն ամբաստանյալին խնդրեց առկայության դեպքում ներկայացնել նոր փաստական հանգամանքներ կամ ապացույցներ, չկրկնել արդեն գործում առկա ցուցմունքը: Հայկանուշ Միքայելյանը նման նյութեր չուներ դատարանին ներկայացնելու:
Դատարանն այդքանից հետո դատական նիստը համարեց ավարտված:
«Ըստ էության ամբաստանյալի վերջին խոսքը հնչեց, բայց մեզ հնարավորություն չտրվեց ելույթ ունենալու: Երբ ես միջամտեցի, արդեն դատական նիստը փակվել էր: Ես կարծում եմ, որ դա տուժողի իրավունքների խախտում է, երբ տուժողին հնարավություն չեն տալիս ելույթ ունենալու և իր վերջին խոսքն ասելու»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Նոնա Գալստյանը միջնորդել էր գեղագիտական կրկնակի փորձաքննություն անցկացնել: Դատարանը հայտնել էր, որ դրան կանդրադառնա դատական ակտ կայացնելիս:
«Իմ կարծիքով դատարանը պարտավոր էր քննել մինչև դատական ակտ կայացնելը: Եթե դատական ակտ լինի ու մի պահ պատկերացնենք, որ մեր միջնորդությունը բավարարվի, կստացվի, որ պետք է դատաքննությունը վերսկսվի: Բայց քանի որ դատարանն ընտրեց այդ մարտավարությունը, ես հիմքեր ունեմ ասելու, որ մեր միջնորդությունը կմերժվի»,- նշեց փաստաբանը:
Վերաքննիչ դատարանը գործով իր որոշումը կկայացնի մարտի 18-ին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net