«ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը». վարչապետի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ:

Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներ, արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը, և պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Սովորաբար, Սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս մենք այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների: Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու: Մի քանի օր առաջ ես այլ համատեքստում անդրադարձել եմ այդ խնդրին, հիմա կարծում եմ՝ պատեհ առիթ է անդրադառնալ այս միջավայրում:

Գիտեք, երբ ես, նաև վարչապետի կարգավիճակով, շատ պրոբլեմների մեջ խորամուխ եմ լինում, անխուսափելիորեն արձանագրում եմ մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև: Շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կարգը չունեն հանրային բավարար ընկալում, սրա պատճառներից մեկը գուցե կարող է լինել հենց դա, որ պետական կարգը չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Իսկ ինչո՞ւ չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Կարծում եմ՝ կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի և այդ պետական կարգի ձևավորմանը, և սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր, հայեցակարգային, փիլիսոփայական և բովանդակային պրոբլեմն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի, կամ պետական կարգի և քաղաքացիների ամբողջության, ժողովրդի կամքի միջև: Սա մեծագույն խնդիրն է, որ դրված է մեր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրությունների առումով ձևավորված ընկալումներին՝ նշելով. «Խորհրդային ժամանակներից կա այդպիսի ընկալում՝ կար ստալինյան սահմանադրություն, կար բրեժնևյան սահմանադրություն, և կարծում եմ, որ այս իներցիաներով մենք, ցավոք, շարունակել ենք այդ պրոցեսը, և ամեն անգամ սահմանադրությունների տեքստերը Հայաստանում ուղղակի կամ անուղղակի, մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս, արդարացված ձևով կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի վերաբերյալ նրանց ունեցած խմբային պատկերացումների հետ: Մենք ունենք այսօր հնարավորություն՝ այս շղթան կտրել: Երբ քննարկում էինք, հասկացանք, որ այսօր իսկապես ունենք այսպիսի հնարավորություն, որովհետև Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովը, չնայած ձևավորվել է վարչապետի որոշմամբ, բայց հանձնաժողովի կազմում շատ քիչ են մարդիկ, ովքեր ինձ կամ մեր քաղաքական թիմի հետ ունեն քաղաքական առնչություն: Չնայած սահմանադրական փոփոխությունների մեկնարկի կամ մի կարևոր հանգրվանում քաղաքական հայտարարություններ անելու և դրանց հավատարիմ մնալու շատ տխուր ավանդույթներ ունենք Հայաստանի Հանրապետությունում, ցանկանում եմ ասել՝ իսկապես կարծում եմ և ինձ ինչ-որ առումով համարում եմ այդ պրոցեսի երաշխավորը, որ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի, կոնկրետ քաղաքական թիմի պատկերացումներն սպասարկելու հետ, որովհետև ես, առավելևս այսօր, եկել եմ այն համոզման, որ մեր պետական խնդիրները կարող են լուծվել, կամ այդ լուծման մեջ առանցքային դերակատարում ունի հանգամանքը, թե ինչքանով է պետական կարգը ձևավորվել քաղաքացու կամքի արտահայտությամբ, ինչքանով է բխում այդ կամքից և ինչքանով է հենված այդ կամքի վրա:

Իհարկե, Սահմանադրությունը շատ բարդ համակարգ է, պարզ է, որ այդտեղ մասնագիտական շատ լուրջ աշխատանք պետք է արվի, բայց կարծում եմ նաև, որպեսզի այս պրոցեսը մենք կարողանանք ապահովել, մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումների պրոցես պետք է սկսի՝ հնարավորինս շուտ և հնարավորինս շատ, որպեսզի մարդիկ կարողանան հենց ակունքներից ծանոթ լինել հանձնաժողովի և կառավարության և քաղաքական մեծամասնության և ընդդիմության մտքերի ընթացքին, հասկանան, թե ինչումն է բանավեճը, որտեղից է բխում այդ բանավեճը, ինչով է կարևոր այդ բանավեճը, և իսկապես սահմանադրության ընդունման պրոցեսը լինի քաղաքացուն պետական կարգի հետ և պետական կարգը քաղաքացու հետ կապելու մի օղակ:

Իհարկե, այստեղ շատ կարևոր է՝ չեն կարող կառավարության կամ քաղաքական մեծամասնության դիրքորոշումները չունենալ կոնկրետ և ուղղակի ազդեցություն, որովհետև, այնուամենայնիվ, կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ունեն նաև որոշակի մանդատ և լիազորություն ժողովրդի կողմից: Ես էլի ցանկանում եմ արձանագրել, որ մեր կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխություն պետք է չանենք: Իհարկե, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում դեռ կայանա և, եթե անկեղծ ասեմ, մենք նույնիսկ պետք է հասկանանք՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով: Այն, ինչ որ մենք այսօր ունենք, արդյոք դա համարո՞ւմ ենք լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգ, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն արդյոք բավարար չափով զարգացա՞ծ են, կամ ցանկանու՞մ ենք արդյոք ավելի զարգացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները:

Հաջորդ խնդիրը, որ էլի շատ կարևոր քաղաքական քննարկումների առիթ է եղել, գործող Սահմանադրության մեջ կայուն մեծամասնության առկայության հարցն է, և հարցն իրականում ունի 2 երես: Մի կողմից՝ սա հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար ավելի լայն ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև այն քննադատությունը, որ կայուն մեծամասնության ինստիտուտը որոշակիորեն դեֆորմացնում է ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը խորհրդարանական տեղերի բաշխվածության վրա: Մյուս կողմից՝ այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ երկրներում, երբ ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը հնարավորություն չի տալիս ձևավորել մեծամասնություն, և երկրներն ստիպված են լինում գնալ նոր արտահերթ ընտրությունների, ընդ որում՝ նախապես իմանալով, որ մեկ կամ մեկուկես կամ երկու ամիս անց դժվար թե ընտրողների կամքում որևէ էական փոփոխություններ տեղի ունենան: Այսօր տեսնում ենք՝ աշխարհում կան դեպքեր, երբ ընտրությունները չեն բերում խորհրդարանական մեծամասնության ձևավորման, տեղի է ունենում արտահերթ ընտրություն, որը գրեթե ճշգրտորեն արտահայտում է նախորդ ընտրությունների արդյունքները, և որն էլի անհրաժեշտություն է առաջ բերում նոր ընտրություններ անցկացնելու, կամ էլ ձևավորվում է փոքրամասնության կառավարություն, որն իր գործունեության մեջ, ըստ էության, կրում է նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության քաղաքական ուղերձը: Սա էլ քաղաքական ընտրության հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք հնարավորինս շատ ընտրություններ լինեն մեր երկրում, թե՞ մենք ուզում ենք, այնուամենայնիվ, որոշակի, շատ թե քիչ կանխատեսելիության մակարդակում պահել այս հարցը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որին ես կցանկանայի անդրադառնալ, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների և ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է, հրամայականն է, որը հիմնականում կապվում է այն իրողության և միջավայրի հետ, երբ մեր նման երկրներում դատական համակարգը ներդրումների պաշտպանության առումով և ընդհանրապես իրավունքի պաշտպանության առումով շատ մեծ վստահություն չի վայելում: Մենք հիմա շատ հաճախ վերլուծում ենք, օտարերկրյա ներդրումների հետ կապված խորհրդարանում և ամենատարբեր հարթակներում հաճախ քննարկում ենք ունենում, բայց եկեք օտարերկրյա ներդրողի աչքերով նայենք մեր իրողություններին: Առաջին հարցերից մեկը, որն ուզում է ստանալ օտարերկրյա ներդրողը, հետևյալն է՝ իսկ ի՞նչ վիճակում է տվյալ երկրում դատաիրավական համակարգը: Այսօր մեր երկրի հետ կապված բոլոր միջազգային զեկույցներում կարմիր թելի նման անցնում է հետևյալ միտքը, որ երկրում դատական համակարգը չունի բավարար վստահելիություն, բավարար անկախություն: Հետևաբար, բացի այն մյուս ռիսկերը, որոնք գուցե մեզ համար, կառավարության համար այդքան կառավարելի չեն՝ նկատի ունեմ մակրոմիջավայրը, մեր տարածաշրջանում ամենատարբեր իրադարձություններ, սա մի գործոն է, որն արգելակող հանգամանք է դառնում օտարերկրյա ներդրողի համար: Եթե կա երկիր, որտեղ կա վստահելի դատական համակարգ, դա ուրիշ գրավչություն է, երբ չկա՝ ուրիշ: Բայց, մյուս կողմից, առնվազն միջազգային կոնյուկտուրայի առումով, նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով մենք չենք կարող մի քանի տարվա մեջ այնպիսի դատական համակարգ ստեղծել, որը միջազգային ներդրողի համար ունենա վստահելիության այն աստիճանը, որը մենք ակնկալում ենք: Եվ այս տրամաբանության մեջ, քանի որ նաև ներդրողներից անընդհատ այդ ազդակները գալիս են, ճիշտ կլինի, որպեսզի մենք մտածենք օտարերկրյա ներդրումների պաշտպանության այլընտրանքային մեխանիզմների գոյության մասին:

Եվ, ի վերջո, նաև վերջին թեման, ուղղությունը, որին կցանկանայի անդրադառնալ, անկախ դատական համակարգի գոյությունն է: Այս առումով գիտեմ, որ հանձնաժողովում քննարկումներ կան մեկ միասնական դատական համակարգ ունենալու վերաբերյալ՝ նկատի ունենալով և՛ ընդհանուր դատական համակարգը, և՛ սահմանադրական դատական համակարգը: Ուղիղ ասած՝ Սահմանադրական դատարանի գործառույթները և դատական ընդհանուր համակարգի գործառույթները, Վճռաբեկի գործառույթները միավորել մեկ համակարգի մեջ: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ այդ թեման արժանի է լրջագույն քննարկման, որովհետև Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք մի քանի անգամ ենք տեսել, երբ սահմանադրական դատական համակարգը, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միջև կա որոշակի ընկալումների խզում, որը, չեմ կարծում, թե դրական ազդեցություն է թողնում մեր դատական համակարգի զարգացման վրա»:

Վարչապետը նկատել է, որ բոլոր այս հարցերն ունեն շատ կարևոր մասնագիտական բաղադրիչ. «Իմ ընկալումը հետևյալն է՝ մենք քաղաքական ուղերձները պետք է հղենք մասնագիտական հանձնաժողովին, ստանանք հանձնաժողովի ուղերձները և կարծիքներն այդ քաղաքական հարցադրման վերաբերյալ, մասնագիտական ֆիլտրով անցած գնահատականների վրա վերանայենք, վերագնահատենք մեր կարծիքները և կարողանանք կայացնել որոշումներ: Իհարկե, արձանագրել կամ նպատակ դնել, որ մենք պետք է ունենանք կոնսենսուսային վիճակ, կարծում եմ՝ ռեալ չէ ոչ միայն քաղաքական առումով: Նույնիսկ իրավաբանական հանրության շրջանակում, որտեղ որևէ քաղաքական, այսպես ասած, կոմպոնենտ չկա, հնարավոր չէ և հնարավոր չի լինի հասնել կոնսեսուսային իրավիճակի: Բայց մենք կարող ենք արձանագրել մի բան՝

ա. Հայաստանում բացառված է այլևս որևէ ընտրակեղծիքի կամ որևէ այլ գործիքի կիրառումը սահմանադրության ընդունման կամ ընդհանրապես որևէ ընտրական պրոցեսում:

բ. Ի վերջո, ժողովուրդը պետք է կայացնի որոշում, և որպեսզի ժողովրդի կայացրած որոշումը ծառայի մեր առաջնային նպատակին, մենք պետք է առավելագույնն անենք, որ մեր հանրությունը հնարավորինս բովանդակային բանավեճին ծանոթ լինի»:

Երկրի վարչապետն անդրադարձել է նաև ընտրական գործընթացների հետ կապված մի հարցի՝ ասելով. «Մենք պետք է մտածենք Հայաստանում ընտրական համակարգի տեխնոլոգիական այլընտրանքներ ունենալու մասին: Տեսեք՝ հիմա հանրաքվե ունենք նշանակած, որը կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում և, ըստ էության, չենք կարող իրականացնել: Բայց կա տեսակետ, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար լինելու է մեզ հետ՝ ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում, և կարող է համաճարակային վտանգավոր իրավիճակ լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ և այլն: Մենք պետք է մտածենք, թե արդյոք կարող ենք ունենալ օնլայն քվեարկության հուսալի համակարգ, որի արդյունքները նույնքան վստահելի կլինեն, ինչքան վստահելի են, օրինակ, մեր վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, որ այս հարցին պետք է նայենք ոչ միայն ուղղակի որպես ընտրական հարց, այլ սա, ըստ էության, նաև մեր պետական անվտանգության հարց է, որովհետև եթե հանկարծ պարզվի, որ համաճարակային իրավիճակի պատճառով մենք սահմանափակումներ ունենք քվեարկությունը սովորական կարգով անցկացնելու առումով, դա, ի վերջո, կարող է դառնալ նաև քաղաքացիների իրավունքների խախտման շատ մեծ թնջուկ և պրոբլեմ: Որովհետև եթե նույնիսկ համաճարակային պայմաններում մենք ասենք՝ կապ չունի, անում ենք ընտրություն, ենթադրաբար շատ քաղաքացիներ, մտավախություն ունենալով, որ իրենք կարող են այդ միջոցառմանը մասնակցելով վարակվել այս կամ այն հիվանդությամբ, կարող են ուղղակի դեֆակտո զրկվել իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Սա ես ասում եմ ուղղակի որպես մի հարց, որը առնվազն պետք է դիտարկենք և այստեղ էլ եզրակացություններ անենք: Իհարկե, սա ուղիղ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության հետ չի առնչվում, բայց, մյուս կողմից, կարող է նաև առնչվել, որովհետև սահմանադրությունը կարող է նաև այդպիսի հնարավորություններ դիտարկել կամ որոշակի ուղենիշներ և ձևակերպումներ տալ, որոնք հետագա որոշումների կայացման համար ավելի պարարտ հող կստեղծեն», – նշել է Ն. Փաշինյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է 2020թ. փետրվարից կատարված աշխատանքները՝ նշելով, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննարկումներն անցկացվել են հեռավար տարբերակով: Նա ընդգծել է, որ մանրամասն քննարկումներ են ծավալվել վարչապետի նշած առանցքային հարցերի շուրջ՝ քաղաքացի-պետական ինստիտուտներ օրգանական կապի վերականգման տրամաբանության ներքո: Դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը: Հանձնաժողովը շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, ակնկալվում է մինչև 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչև 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:

Հանձնաժողովի անդամներն արդյունավետ են գնահատել կայացած քննարկումները և իրենց դիտարկումներն են ներկայացրել ՀՀ վարչապետի նշած հարցադրումների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքացի-պետական կարգ օրգանական կապի վերականգնման, դատական համակարգի անկախության, ընտրական մեխանիզմների թափանցիկության երաշխավորման և ֆունդամենտալ այլ մոտեցումների տրամաբանությամբ: Ընդգծվել է գործընթացի թափանցիկության ապահովման և այդ նպատակով նախատեսված հանրային քննարկումների կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է արդյունավետ աշխատանքային մթնոլորտը, շնորհակալություն հայտնել հեռավար կարգով կատարված աշխատանքների համար և հաջողություն մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին:

Քննարկմանը մասնակցել և վարչապետին իր դիտարկումներն է ներկայացրել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Իրավաբան.net հետ զրույցում նա նշեց, որ ներկայումս կարևորագույն խնդիրը Սահմանադրության լեգիտիմության խնդիրն է, որը կլուծվի քաղաքացիների հետ ներառական քննարկումների արդյունքում նոր Սահմանադրության ընդունմամբ:

«Կարևորագույն խնդիրներից է նաև խորհրդարանական կամ նախագահական կառավարման ձևի վերջանական ընտրության կատարումը ՝ քաղաքացիների հետ մատչելի և ներառական քննարկումների արդյունքում: Հաջորդ կարևորագույն խնդիրը վստահելի, արդյունավետ և անկախ դատական համակարգ ունենալն է, որին միտված հանձնաժողովում ներկայումս քննարկվում է բարձագույն երկու՝  Սահմանադրական և Վճռաբեկ դատական ատյանների Գերագույն դատարանի ինստիտուցիոնալ կառուցվածքի ներքո միավորման հարցը:

Կարևորագույն խնդիրներից է նաև հակակոռուպցիոն մարմնի(ների) սահմանադրական անկախ մարմինների շարքում նախատեսելը և համապատասխան սահմանադրական երաշխիքների տրամադրումը, որպեսզի գործող քաղաքական ուժերը չունենան որևէ իրավական լծակ՝ ազդելու հակակոռուպցիոն մարմնի(ների) գործունեության վրա: Շատ կարևոր է նաև Սահմանադրությամբ ուղիղ ժողվրդավարական գործիքների նախատեսումը` հանրային և քաղաքական կարևորագույն որոշումների ընդունմանը քաղաքացիների ներառական և արդյունավետ մասնակցությունը ապահովելու նպատակով»,-ասաց Կարեն Զադոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել