Հանրակրթական դպրոցներում աշակերտները դասագրքերը դպրոցի գրադարան էին հանձնում, սովորաբար, մայիս ամսվա վերջին, հունիսի սկզբին՝ ուսումանական տարվա ավարտից անմիջապես հետո։
Արտակարգ դրությամբ պայմանավորված 2019-2020 թթ ուսումնական տարին ավարտվում է հեռավար ուսուցման տարբերակով։ Դպրոցների գրադարանավարներն այս օրերին անորոշության մեջ են՝ ինչպե՞ս են հավաքագրելու դասագրքերը, որպեսզի դրանք կարգի բերվեն և առաջիկա սեպտեմբերին հանձնվեն փոխադրվող դասարանների աշակերտներին։ Դասագրքերը աշակերտներին են հանձնում օգոստոսի երկրորդ կեսին։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են․ «Պարետի որոշման համաձայն, ուսուցումը կազմակերպվելու է առցանց կամ հեռավար, իսկ կազմակերպչական մնացած գործընթացները` ըստ տնօրենի հանձնարարության։ Ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը ԿԱՐՈՂ Է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին։ Իսկ մյուս դասարաններում այնպես, որ կուտակումներ չլինեն»։