Հայոց թագավորությունների ժամանակաշրջանում պետությունը կառավարում էր արքան՝ իր արքունիքով: Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նրան հաջորդող աստիճանին աշխարհակալ նախարարներն էին` բդեշխներն ու գործակալները: Արքաները պարբերաբար հողային շնորհումներ էին կատարում և կարգում նախարարներ: Այս շնորհումները կոչվում էին պարգևականք: Իշխանական համակարգում գործում էր ենթակայության ավատատիրական սկզբունքը՝ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ»:
Եթե զուգահեռներ անցկացնենք վերջին տարիներին Հայաստանում հաստատված կառավարման համակարգի հետ, ապա ակնհայտ է, որ այդ կառավարման համակարգը բավականին նմանություն ուներ Հայոց թագավորությունների ժամանակարշրջանի կառավարման համակարգի հետ: Որոշակի տարբերություն առկա էր պաշտոնյանների անվանումների մեջ, այլ ոչ թե` պաշտոնների բովանդակության: Հայաստանում նույնպես պետական կառավարման համակարգը բրգաձև էր. բրգի գլխին կանգնած էր նախագահը, նրանից ներքև` նախագահի բարեհաճությամբ գտնվում էին գործադիր, օրենսդիր և դատական համակարգի պաշտոնյանները` ըստ իրենց ուրույն աստիճանակարգության: Յուրահատուկ էր նաև ենթահամակարգերի կառավարումը. օրինակ, եթե դիտարկենք Սահմանադրական դատարանը, ապա այստեղ ամբողջ իշխանությունը դե ֆակտո պատկանում էր Սահմանադրական դատարանի նախագահին, այլ ոչ թե` երկրի ղեկավարին, քանի որ այստեղ նույնպես գործում էր ենթակայության ավատատիրական սկզբունքը. «իմ ենթակայի ենթական, իմ ենթական չէ»: Յուրահատուկ էր նաև երկրի ղեկավարի կողմից կատարվող շնորհումները. դրանք շատ դեպքերում ոչ միայն բխում էին հողային հատկացումների տարամաբանությունից, այլ նաև` այդ պաշտոններում, օծման ծիսակարգով, նշանակումների կատարում:
Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան 2015թ.-ի Սահմանադրական փոփոխությունների համատեքստում, երբ երկրի նախագահի պատվերով «իրավաբանական կաստայական համակարգի ճարտարապետներին» հանձնարարվեց վերաձևավորել երկրի կառավարման համակարգը` այն հարմարեցնելով նաև իրենց սուբյեկտիվ շահերին: Արդյունքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար վերաձևվեց նոր պաշտոն` ԲԴԽ (Բարձրագույն դատական խորհուրդ), որի իրականացումն էլ կատարվեց 2018թ.-ի մարտին` ավատատիրական համակարգի աստիճանակարգի հստակ կանոններով և տրամաբանությամբ (սա առանձին նյութի թեմա է):
Բնականաբար ՍԴ նախագահի թափուր պաշտոնի զբաղեցման նախագիծը նույնպես նախագծված էր «իրավաբանական կաստայական համակարգի ճարտարապետների» կողմից, և այն անմիջապես սկսվեց իրականացվել: Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվել էր Սահմանդրությամբ խախտմամբ, որի մասին Իրավաբան.net-ը փաստարկված կերպով է գրել է «Հրայր Թովմասյանը Սահմանադրության խախտմամբ է նշանակվել ՍԴ դատավորի պաշտոնում» և «Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն» նյութերում: Քանի, որ մեր նախորդ նյութերում հստակ գրվել է Հրայր Թովմասյանի կողմից Սահմանդրության խախտմամբ ՍԴ անդամ ընտրվելու և Սահմանդրության խախտմամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին, ապա այս նյութում կներկայացնենք ավատատիրական համակարգի աստիճանակարգի ոգով և կանոններով նրա նշանակման («օծման») արարողակարգը:
Իսկ վերոհիշյալի մասին տեղեկատվությունը փաստարկված է Սահմանադրական դատարանի 2018 թ. մարտի 23-ի «ՀՀ նախագահը այցելեց Սահմանադրական դատարան» անվանումով հրապարկված լուրում: Օծման արարողությունը տեղի ունեցել ՍԴ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ: Նախ, Սերժ Սարգսյանը, իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնում Գագիկ Հարությունյանին, ապա նշում.
«Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում և հաջողություն այս շատ կարևոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին:Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար: Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «.ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում ևս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի…»: Սա հստակ պաշտոնի շնորհման` պարգևականքի ավատատիրական համակարգի աստիճանակարգի ծիսակակատարություն էր:
Վերը նշված արարողության ընթացքում Հրայր Թովմասյանի խոսքը ամբողջապես փաստարկում է Հայաստանում գործող խորը ավատատիրական համակարգի աստիճանակարգը.
«Հարգելի՛ հյուրեր, Այսօրվա մեր հավաքում ևս մեկ խորհուրդ կա, որը դժվարանում եմ ասել՝ կարևորությամբ, արդյո՞ք, զիջում է առաջինին, թե ոչ: Այսօր մենք Սահմանադրական դատարանի սրահներից մեկը անվանակոչեցինք Սահմանադրական դատարանի առաջին նախագահ, հայտնի պետական գործիչ, ճանաչված գիտնական Գագիկ Հարությունյանի անունով: Անշուշտ, առաջին հերթին, դա Գագիկ Հարությունյանի վաստակի փոքրիկ գնահատականն է, սակայն այն միաժամանակ այլ խորհուրդ ունի: Դա պատգամ է գալիք բոլոր սերունդներին առ այն, որ Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի և ընդհանրապես պետական համակարգի, պետականության ու սահմանադրականության ապահովման ճանապարհը պետք է ընթանա արժևորելու, մեծարելու և շարունակականությունն ապահովելու ճանապարհով միայն: Ինձ համար շատ կարևոր էր հենց այսպես, այս նախաձեռնությամբ սկսել իմ պաշտոնավարումը՝ որպես խորհրդանշում այն շարունակականության, որ մենք պարտավոր ենք ապահովել պարոն Հարությունյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում կայացած Սահմանադրական դատարանի համար»:
Այնուհետև Հրայր Թովմասյանը խորհրդանշական հուշանվեր է փոխանցել Գագիկ Հարությունյանին՝ ներկայացնելով նաև այդ հուշանվերի խորհուրդը.
«Դժվար էր այդ հուշանվերի ընտրությունը, որը պետք է այսօրվա և պարոն Հարությունյանի անձի հետ կապված որոշակի խորհուրդ իր մեջ պարունակեր: Եվ այն, ինչ ընտրվեց, պարո՛ն Հարությունյան, ըստ էության իմ մտահղացմամբ և քանդակագործի ձեռամբ իրականացված` Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երևացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ: Պարո՛ն Հարությունյան, սա ուզում եմ փոխանցել Ձեզ՝ ի նշան մեր շնորհակալության և երախտիքի»,-ընդգծել է Հրայր Թովմասյանը:
Սա ընդամենը բարձրագույն պաշտոնի նշանակման ընդամենը մեկ օրինակ է, որը ցցուն կերպով ցույց է տալիս ավատատիրական համակարգի աստիճանակարգի խորը արմատներն ու ոգին, որը, ցավոք, դեռևս իներցիայով գործում է նաև ներկայումս:
Սմբատ Գևորգյան