Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) դարձավ, երբ դեռ վայր չէր դրել պատգամավորական մանդատը։ Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիությունը.
«Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է փետրվարի 16-ին։ Նույն օրն իսկ Հրայր Թովմասյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում:
Սակայն պատգամավորական մանդատից չի հրաժարվել և շարունակել է որպես պատգամավոր իր գործունեությունը: Օրինակ, ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա փետրվարի 21-ին մասնակցել է պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Մարտի 1-ին պատգամավորները քննարկել են սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցը: Մարտի 2-ին Ազգային ժողովում 105 պատգամավորներից 93-ի քվերակության արդյունքում՝ 2 անվավեր ճանաչված քվեաթերթիկով, 64 կողմ և 27 դեմ ձայներով Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ և ԱԺՈ-008-Ա որոշմամբ նշանակվել է այս պաշտոնում:
Մարտի 13-ին Արա Բաբլոյանը հայտարարում է այն մասին, որ Հրայր Թովմասյանի թեկնածությունն է առաջարկում ՍԴ նախագահի թափուր պաշտոնում: Իսկ արդեն մարտի 21-ին խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ նրան 64 կողմ և 27 դեմ ձայնով ընտրում է և ԱԺՈ-009 որոշմամբ նա նշանակվում է այս պաշտոնում:
Հետաքրքիր զուգադիպություն
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Հրայր Թովմասյանը թե ՍԴ դատավորի, թե ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվել է 64 կողմ և 27 դեմ ձայներով:
Սակայն մարտի 2-ին, երբ քննարկվում էր նրա ՍԴ դատավորի պաշտոնում ընտրելու հարցը, խորհրդարանական նիստին գրանցվել, ներկա է եղել 92 պատգամավոր: Իսկ քվերակության արդյունքները հայտարարելիս ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը նշում է, թե քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր, իսկ քվեատուփում 93 քվեաթերթ է եղել, որից երկուսն անվավեր են ճանաչվել:
Իսկ մարտի 21-ին, երբ քննարկվում էր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում ընտրելու հարցը, նիստին գրանցվել է 89 պատգամավոր: Սակայն այս անգամ էլ քվեատուփում 93 թերթիկ է եղել և նորից դրանցից երկուսը անվավեր են եղել:
Պատգամավոր Թովմասյանը խախտել է Սահմանադրությունը
Ինչպես արդեն իսկ նշեցինք, Հրայր Թովմասյանը փետրվարի 16-ին հրաժարվել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Սրա վերաբերյալ ԱԺ պաշտոնական կայքում համապատասխան տեղեկություն է հրապարակվել:
Իսկ թե արդյո՞ք նա հրաժարվել է պատգամավորի մանդատից, Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշել են. «…Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ հարցը կարգավորվել է 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով և ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մարտի 2-ի ԱԺՈ-օօ8 որոշման համաձայն»:
Մեզ տրամադրվել է նաև մի կարևոր փաստաթղթերի պատճե: Մարտի 2-ին Արա Բաբլոյանը ստորագրել է համար 2 արձանագրությունը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ հիմքում նշվում է ԱԺՈ-օօ8 որոշումը, որով Թովմասյանը նշանակվել է ՍԴ դատավոր:
Հենց այս փաստաթուղթն է այն վկայությունը, որ Հրայր Թովմասյանը խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը: Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվում է պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքը.
«Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում»:
Այսպիսով, մարտի 2-ին պատգամավոր Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ դատավոր և միայն դրանից հետո կազմվել է Արա Բաբլոյանի արձանագրությունը՝ Հրայր Թովմասյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ՝ Սահմանադրության խախտման հիմքով: