1911 թ-ին օգոստոսի 21-ին Լուվրի աշխատակիցները նկատեցին, որ պատից բացակայում է հայտնի Մոնա Լիզայի կտավը:
Գողության մեջ գլխավոր կասկածյալներից էր նաև Պաբլո Պիկասոն, քանի որ իր ընկերներից ոմն մեկը՝ Պիեր անունով, Լուվրից գողացել էր իր համար երկու հին քարե արձանիկներ:
Պիկասոն միշտ ուզում էր տեսնել մեծ ստեղծագործություններն իր աչքի առջև: Նա գտնում էր, որ թանգարանը արվեստի գերեզման է, որտեղ մեծ գործերը թաքնվում են իրական կյանքից:
Իրականում պարզվեց Ջակոնդայի կտավը գողացել էին հենց Լուվրի աշխատակիցներից՝ իտալական հայելիների վարպետ Վինչենցո Պերուդժայը: Այդ գողության պատճառն այդպես էլ հստակ չի բացահայտվել:
Հնարավոր է, որ Պերուդժայը ուզում էր վերադարձնել նկարը հայրենիք՝ համարելով, որ ֆրանսիացիներն այն գողացել են, մինչդեռ Լեոնարդոն հենց ինքը բերել էր նկարը Ֆրանսիա:
Նկարը գտնվեց երկու տարի հետո Իտալիայում հենց գողի շնորհիվ. նա թերթում հայտարարություն էր տվել, որով առաջարկում էր վաճառել նկարը Ուֆֆիցայի պատկերասրահի տնօրենին:
Պերուդժային մի կողմից մարդիկ գովերգում են հայրենասիրության համար, իսկ մյուս կողմից նա ստացավ մի քանի տարի ազատազրկում:
«Եթե ՀՀ-ում հափշտակեն առանձնակի արժեք ունեցող առարկաներ, ապա այն կհամարվի հանցագործություն, մասնավորապես պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ անզգուշությամբ, առաջացրել է նշված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ եթե նշված արարքը կատարվել է՝ կամ ավազակությամբ կամ շորթմամբ, կամ էլ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»,- այդ մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Աղբյուր՝ Իրավաբան.net