Սյունիքի մարզի դատախազ. Պոչամբարի խողովակաշարի վթարի դեպքով հետաքննություն է իրականացվում

Դեկտեմբերի 1-ին` առավոտյան, Իրավաբան.net-ը ահազանգ էր ստացել Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: Տեղեկացրել էր նաև, որ Գեղանուշ գետը Ողջի գետի վտակն է:

 

Սյունիքի մարզի նորանշանակ դատախազ Նորայր Հակոբյանն Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ այդ գործը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո և գործով հետաքննություն է իրականացվում:

 

«Ուզում եմ հավաստիացնել, որ ամենայն օբյեկտիվությամբ, ամենայն խստությամբ, օրենքի տառին համապատասխան կտարվի համապատասխան ստուգումներ և մեղավորները անպայման կպատժվեն և պետությանը պատճառված վնասներն անպայման կվերականգնվեն»,- ասաց Նորայր Հակոբյանն Իրավաբան.net-ին:

 

Իսկ Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչություն պետ Կորյուն Փիլոյանն էլ Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի նկատմամբ այս պահին կա հարուցված քրեական գործ, որը տևական ժամանակ գտնվում է նախաքննության փուլում և քննությունը շարունակվում է: Նրա խոսքով` եթե պարզվի, որ պոչամարի խողովակաշարի վթարի դեպքով պետք է քրեական գործն ուղարկել դատարան, ապա այդ երկու գործերը հնարավոր է համատեղել մեկ քրեական գործում:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել