Ոստիկանությունը` «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանում տեղի ունեցողի մասին

Ի պատասխան «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված բաց նամակի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է:
Բացի այդ, ոստիկանության պետի ցուցումով՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, քննարկվում է նաև մոտ ժամանակներս նույն նպատակով հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու խնդիրը:Չնայած այս ամենին՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծել նաև տարածքին համապատասխան կարգավիճակ տալու հարցը:

 

Ինչ վերաբերում է անցած տարիներին բնական հուշարձանի քարերով շինություններ կառուցելու վերաբերյալ ահազանգին, ապա ոստիկանությունը համալիր միջոցներ է ձեռնարկում օրինազանցներին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն այսօր ոչ պակաս կարևոր է առաջիկայում նման գործողությունները բացառելու անհրաժեշտությունը, և այդ գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, մասնավորապես՝ բնապահպանների օգնությունը, որոնց դերը ինչպես բնության պահպանության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում անուրանալի է: Հայտնում են ոստիկանությունից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել