Որո՞նք են ցմահ ազատազրկման բացասական կողմերը

Եթե հիշում եք, մեր օրենսդրությունը նախկինում նախատեսում էր մահապատիժը` որպես պատժի ամենածանր տեսակ:

 

Եվրոպայի խորհրդին անդամակցելով` Հայաստանը պարտավորվեց վերացնել մահապատիժը, և շուտով այդպես էլ եղավ. մահապատիժը` որպես ամենածանր պատիժ, դուրս մղվեց ՀՀ քրեական օրենսգրքից:

 

Մահապատժի վերացմամբ մեր քրեական օրենսգրքում որպես ամենածանր և խիստ պատիժ մնաց ցմահ ազատազրկումը:

 

Այն, որ մահապատիժը հակասում էր մարդու հիմնական իրավունքներից մեկին` կյանքի իրավունքին, և որ այն անընդունելի է նաև քրիստոնեական հավատքի տեսանկյունից, անժխտելի է, սակայն որքանո՞վ է ճիշտ ցմահ ազատազրկումը:

 

Առաջին հայացքից, երևի, անհասկանալի կթվա, թե ինչն է սխալ ցմահ ազատազրկման` որպես պատժի տեսակի կիրառման մեջ, բայց եթե մի փոքր խորը մտածենք, կհասկանանք, որ այն այնքան էլ «կատարյալ» պատժատեսակ չէ:

 

ՀtՀ քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է` ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը, քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:

 

Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք:

 

«Վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ այն անձը, ով դատապատվում է ցմահ ազատազրկման, դառնում է անխոցելի, մասնավորապես. նույն քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ»,-Իրավաբան.net –ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելեց. «Ստացվում է մի իրավիճակ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները, պատժի կրման ընթացքում կարող են կատարել ցանկացած հանցանք և մնալ անպատիժ, իսկ այն, որ ազատազրկման վայրերում կարող են կատարվել և կատարվում են ամենատարբեր և դաժան հանցագործություններ, անժխտելի է և փաստ»:

 

Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում և ո՞րն է ճիշտ լուծումը:

 

Իրավաբանի խոսքով` հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ, սակայն որպես տարբերակ` կարելի է ցմահ ազատազրկման փոխարեն նախատեսել երկարաժամկետ ազատազրկում, օրինակ` 50 և ավելի տարի ժամկետով, ինչը ինչ-որ կերպ զսպող ազդեցություն կարող է ունենալ, և անձը, ազատազրկման դատապարտվելով, կխուսափի նոր հանցանք կատարելուց, քանզի այդ դեպքում արդեն ստիպված կլինի մնալ ազատազրկման վայրում ցմահ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել