Ինչպես գիտենք քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն` ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս: Ուստի մի խումբ քաղաքացիներ կարող են ճանաչվել որպես կրոնական կազմակերպություններ:
Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է:
Կրոնական կազմակերպություններ են` եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ:
Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին
ա) չի հակասում վերոնշյալ դրույթներին.
բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա.
գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.
դ) զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի հոգևոր ոլորտները.
ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ:
Նշենք նաև՝ մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
Հայաստանյաց Առաքելական եկեղեցին (կրճատ` Հայ եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով,կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:
Աղբյուր՝ Իրավաբան.net