«Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ են զինակից ընկերներ». Գլխավոր դատախազի տեղակալ

Դեկտեմբերի 9-ը, ՄԱԿ-ի կողմից ճանաչված հակակոռուպցիոն միջազգային օրն է: Այդ առիթով ՀՀ գլխավոր դատախազությունը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը կազմակերպել էին միջոցառում Ծաղկաձորում՝ դատախազության և ծրագրի շրջանականերում գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոնների մասնակցությամբ:

 

«Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ են զինակից ընկերներ: Մարդիկ, որոնք մտահոգ են խնդրով»,- ասաց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը: Նրա խոսքով՝ հասարակության մեջ կա կարծրատիպ՝ չեն համագործակցում իրավապահ մարնինների հետ և դեռևս իրենք չեն կարողանում այդ կարծրատիպը կոտրել:

 

Արմեն Դանիելյանի փոխացմամբ՝ երկրում կոռուպցիայի առկայության և դրա բարձրաձայնումը սկսել է 2008 թվականից հետո. «2008 թվականի տվյալներով՝ հանրապետությունուն իրավասու մարմինների կողմից ընդամենը քննվել է 69 քրեական գործ: 2009 թվականին նախապատրաստվել է 771 նյութ և հարուցվել է 370 քրեական գործ: Դինամիկ աճը նկատելի է»:

 

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման բաժնի տնօրեն Սթիվեն Բրագերը: Նա կարևորեց քաղաքացիակքան հասարակության հետ դատախազության համագործակցությունը: Սթիվեն Բրագերի խոսքով՝ դատախազության և հասարակական կազմակերպությունների պայքարն ամբողջ հանրապետությունում ավելի արդյունավետ կլինի, եթե Հայաստանը քրեականացնի ապօրինի հարստացումը, հաղորդում տվող անձի պաշտպանությունն ապահովի և ստեղծի պետական անկախ մարմին կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նշեց, որ Գլխավոր դատախազության հետ համագործակցությունը սկսվել է 2011 թվականից:

 

«Հակակոռուպցիոն ընկալումը, իսկապես շատ թույլ է Հայաստանում: Կոռուպցիոն երևույթները մեզանում ոչ միայն տեղ ունեն, այլև խրախուսվում են շատ քաղաքացիների կողմից: Դա նպատակին հասնելու համար համարվում է հեշտ և կանխատեսելի ճանապարհ»,- ասաց Կարեն Զադոյանը:

 

Արմեն Դանիելյանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ դատախազության հետ հասարակական ակտիվ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց ՀԵԻԱ-ի կողմից «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում գործարկվող Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանին, Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանին, Կոտայքի մարզի դատախազ Էդուարդ Անդրիկյանին: Իսկ ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին և Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել