Մոտենում են ամանորյա տոնական օրերը, ամենուր սկսվում են զեղչեր, այդ թվում ապրանքների ապառիկ վաճառքի համար նախատեսված լայն հնարավորություններ:
Ուստի անհարաժեշտ է իմանալ՝ ի՞նչ վճարման կարգ է սահմանված ապառիկ վաճառված ապրանքի համար:
Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է ապրանքի համար վճարել այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո (ապրանքի ապառիկ վաճառք), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ նախատեսված չէ պայմանագրով` օրենքով սահմանված ժամկետում:
Ապրանքների ապառիկ վաճառքը կատարվում է վաճառքի օրվա գներով: Ապառիկ վաճառված ապրանքների գնի հետագա փոփոխությունները վերահաշվարկի չեն հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Այն դեպքում, երբ ապրանք ստացած գնորդն առուվաճառքի պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում դրա համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու հանձնված ապրանքի համար կամ վերադարձնելու չվճարված ապրանքը:
Եթե գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում հանձնված ապրանքի համար, և այլ բան նախատեսված չէ օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով, կետանցի գումարին, օրենքին համապատասխան, ենթակա են վճարման տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրի համաձայն, ապրանքի համար պետք է վճարված լիներ մինչև գնորդի կողմից ապրանքի համար վճարելու օրը:
Պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի գնին համապատասխանող գումարին տոկոսներ վճարելու գնորդի պարտականությունը` սկսած վաճառողի կողմից ապրանքը հանձնելու օրվանից:
Նաև նշենք, որ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Աղբյուր՝ Իրավաբան.net