Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Վիրավորանքի կամ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել օրենքով սահմանված միջոցներից մեկը կամ մի քանիսը:
Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
«Բացի պաշտպանության միջոցներն իրականացնելուց, վիրավորանք կամ զրպարտություն ստացած անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը»,-հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Անձը չի կարող օգտվել դատական պաշտպանությունից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:
Աղբյուրը` Իրավաբան.net