Էֆթանազիայի` որպես թեթև մահի մասին արդեն խոսել ենք բազմիցս, այժմ մի փոքր քննարկենք, թե տարբեր երկրներում այն ինչ իրավական կարգավորում է ստացել:
Էֆթանազիան հունարեն բառ է, որը նշանակում է հեշտ, առանց ցավի մահ: Բժշկագիտության մեջ դասակարգվում է բժշկականի և ոչ բժշկականի, երբ մահանալ ցանկացողի խնդրանքով է կատարվում: Բժշկական էֆթանազիան էլ իր հերթին բաժանվում է ակտիվ և պասիվ ձևերի:
Իրավաբանական, ինչպես նաև բարոյագիտական, կրոնական և փիլիսոփայական գրականության մեջ հակասական կարծիքներ են արտահայտվում:
Ավելի հաճախ է առաջ քաշվում մահացող հիվանդի տառապանքները երկարացնելու աննպատակահարմարության հարցը:
Էֆթանազիայի պրոբլեմը սերտորեն կապված է մարդու կյանքի իրավունքի հետ:
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էֆթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով: Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էֆթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մի շարք երկրներում էֆթանազիան օրինականացվել է, օրինակ Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, ԱՄՆ 12 նահանգներում, իսկ որոշներն էլ դրա ճանապարհին են: Պետք է նշել, որ վերը նշված երկրներում գործում են էֆթանազիայի հստակ մեխանիզմներ` խստագույնս և մանրամասն կանոնակարգված: Հոլանդիայում դրա կիրառման համար անհրաժեշտ է դատախազի համաձայնությունը, ով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է դրա կիրառման թույլատրելիությունը:
Մեծ մտածող Նիցշեն ասում էր. «Գոյություն ունի իրավունք, որի հիման վրա մենք կարող ենք մարդուց խլել նրա կյանքը, բայց չկա իրավունք, որով մենք կարող ենք նրանից խլել մահը. դա միայն դաժանություն է»:
Չհամաձայնելով Նիցշեի հետ` նշեմ, որ մեծերի խոսքերը դարերի խորքից են գալիս, երբ բժշկությունը այն բարձրության վրա չէր, ինչ այսօր, երբ կան հարյուրավոր ցավազրկող կամ կյանքը երկարացնող դեղամիջոցներ և չպետք է, թեկուզ հիվանդի ցանկությամբ, նրան զրկել կյանքից:
Աղբյուրը` Իրավաբան.net