«Մեղադրանքները ծանր են, բայց կարևորը՝ ես դրանք չեմ ընդունում». Արմեն Գևորգյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ հետո կհրապարակվի նախկին փոխվարչապետ Արմեն  Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ  դատարանի որոշումը:

Մինչ որոշման հրապարակումը դատարանի շենքի մուտքի մոտ Արմեն Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար:

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթով 03.08.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  քննվող քրեական գործին: Նույն օրը հիշյալ գործի շրջանակում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից  մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:

Մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է  կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել