Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Ամանորի տոների հանգստյան օրերի կրճատման մասին

2017 թվականի դեկտեմբերին կառավարությունը հավանություն տվեց Ամանորի և Ծննդյան տոների հանգստյան օրերը կրճատելու մասին «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Նախագծի համաձայն, առաջարկվում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հա­նել հունվարի 3-5-ը:  Ստացվում էր այնպես, որ ոչ աշխատանքային էր լինում միայն հունվարի 2-ը և 6-ը:

Իրավաբան․net-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի հանձնաժողովում։

Մենք պլանավորում էինք նախ կառավարությունում քննարկել, դրանից հետո էլ հետագա ընթացք տալ և դրա հետ կապված Ազգային ժողովում՝ միայն հանձնաժողվում քննարկում եղավ այս մասին և ոչ՝ նիստերի ժամանակ։ Հետագա փոփոխություններով պայմանավորված որոշում կայացվեց, որ այս նախագծին ընթացք չի տրվի, հետևաբար որևէ փոփոխություն նախատեսված չէ։ Կլինի այնպես, ինչպես եղել է նախորդ տարիներին»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ և Հայտնություն): Սրանք բոլորը ոչ աշխատանքային օրեր են: Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել