«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը չի ղեկավարի Գաբրիել Պողոսյանը։ Այս մասին ասվում է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հայտարարության մեջ.
«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաեւ Գաբրիել Պողոսյանը: Նախարարը եւս մեկ անգամ կարեւորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաեւ թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները եւ տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:Նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել եւս քան երբեւիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաեւ հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:
Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:
Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: