Տուժողն իրավունք ունի`
1)ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.
2)տալ ցուցմունքներ.
3)տալ բացատրություններ.
4)ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.
5)հայտնել բացարկներ.
6)հարուցել միջնորդություններ.
7)առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
8)ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
9)նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.
10)մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին.
11)իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը.
12)բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
13)ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ.
14) առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
15)ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը.
16)ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.
17)հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները.
18)ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:
Տուժողը պարտավոր է`
1)ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2)քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տալ ցուցմունքներ.
3)քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշները` համեմատական հետազոտման համար.
4)իր նկատմամբ ենթադրաբար կատարված հանցագործության մասին քրեական գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
5)քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը.
6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.
7) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:
Տուժողն ունի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ տուժողի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
Տուժող կարող է ճանաչվել իրավաբանական անձը, որին հանցագործությամբ պատճառվել է բարոյական կամ նյութական վնաս: Տվյալ դեպքում տուժողի իրավունքները և պարտականություններն իրականացնում է իրավաբանական անձի ներկայացուցիչը: