Վաչագան Ղազարյանը հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ Վաչագան Ղազարյանը դատական հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ։

Նրա պաշտպան Արմեն Հարությունյանը Իրավաբան.netին հայտնեց, որ հայցի հիմք է հանդիսացել այն, որ ապրիլ ամսից հետո նա դադարել է բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ լինելուց, և չնայած սրան, ներկայացրել է գույքն ու եկամուտները ներկայացնող հայտարարագիրը, որը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավունք չուներ հրապարակել։

«Բացի նրանից, որ իրավունք չուներ հրապարակել, հայց է ներկայացվել նաև, որ այդ հայտարարագրերը ոչնչացվի կամ անվավեր ճանաչվի, ինչը մերժվել է։ Կա լուրջ իրավական հարց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխություն է տեղի ունեցել ու 2018 թ-ի ապրիլի 9-ից հետո նախկին օրենքն ուժը կորցրել է, իսկ նորն ուժի մեջ պետք է մտնի Կոռուպցիայի դեմ կանխարգելման հանձնաժողովի ձևավորումից հետո, բայց այդ հանձնաժողովը դեռ չի ձևավորվել։ Այսինքն, նախկին օրենքում, բարձրաստիճան պաշտոնատար անձ հասկացությունը վերացել է, և ապրիլից հետո այս երկրում ոչ ոք չգիտի, թե ո՞վ է բարձրաստիճան պաշտոնատար անձ»,- նշեց փաստաբանը։

Նշենք նաև, որ հայցապահանջում նշվում է ոչ միայն իր՝ Վաչագան Ղազարյանի, այլև նրա հետ փոխկապակցված անձի, այս պարագայում՝ նրա կնոջ ներկայացրած հայտարարագրի մասին։

«Բացի սրանից, ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի մասով, այն դասվում է ԱԱԾ գլխավոր պաշտոնի խմբին, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքի  32-րդ հոդվածով նույնիսկ բացառություն կա նշված, ու այս պայմաններն էլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաշվի չի առել ու մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում ընդունել է նրանց հայտարարագրերն ու հրապարակել»։

Գործը կքննվի դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ավելի ուշ՝ հուլիսի 24-ին, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել