Ազգային ժողովի 82 պատգամավորներ կողմ քվեարկեցին ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագծին

Այսօր Ազգային ժողովը քննարկում էր քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և կից փաստաթղթերի փաթեթը, որը ԱԺ էր ներկայացրել կառավարությունը:

Քվեարկության արդյունքի գաղտնիքի բացահայտումը, նախապես տրված խոստումի հիման վրա, տարընթերցման տեղիք էր տալիս և դրույթի վերաբերյալ մտահոգությունները բարձրաձայնվել էին նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովում:

«Մենք ընդունելով այս մտահոգությունները, փոփոխություններ կատարեցինք և հանեցինք «նախապես տրված խոստումի» բառերը և թողեցինք, որ օրենքի  խախտում կդիտվի, եթե մարդը շահադիտական դրդումներով բացահայտի քվեարկության արդյունքը և այն էլ փաստաթղթի, լուսանկարահանման կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը բացահատելու միջոցով: «Այլ առարկաների միջոցով» բառերը նույնպես դուրս հանվեցին նախագծից՝ ապահովելով իրավական որոշակիություն»,-նշեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, որի մասին մտահոգություն էին հայտնել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները, վերաբերում էր «կաշառք տալու առաջարկը ընդունելուն» ձևակերպմանը:

«Մենք այս փուլում որոշեցինք «կաշառք տալու առաջարկը ընդունելու» ձևակերպումը դուրս հանել նախագծից և թողնել միայն այն, ինչ կար 2015 թվականից հետո, այսինքն, «կաշառք ստանալը» կամ «կաշառք պահանջելը»»,-նշեց փոխնախարարը:

Հաջորդ փոփոխությունը կատարվել է ընտրակաշառք տալուն վերաբերող հոդվածի սանկցիայում: Նախագիծը նախատեսում էր 3-4 միլիոն դրամ սանկցիան: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ  այստեղ վրիպակ կա, քանի որ քրեական օրենսգիրքը «տուգանք» պատժատեսակի առավելագույն շեմ է սահմանում 3 միլիոն դրամը. «Այստեղ մենք փոխեցին և դարձրեցին ք 2,5-3 միլիոն դրամ»:

Ընտրակաշառքի համար տուգանքից և ազատազրկումից բացի որպես պատժատեսակ սահմանվեց նաև «կալանք» սանկցիան՝ 2-3 ամիս ժամկետով:

Վարչական պատասխանատվություն էր նախատեսվում նաև քվեարկության վայրում, քվեախցիկում գտնվելու իրավունք ունեցող անձի կողմից իր վկայականը ոչ տեսանելի ձևով կրելու համար:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հոդվածում չկար մեղքի ձևը և հաշվի առնելով ՎԻՎ օրենսգրքի առանձնահատկությունները՝ եթե չկա մեղքի ձևը, այդ արարքը կարող էր նաև անզգուշությամբ կատարվել:

«Դրա համար մենք այս հոդվածի դիսպոզիցիայում սահմանեցինք մեղքի հստակ ձև, այսինքն, արարքը պետք է կատարվի միայն դիտավորությամբ, որպեսզի անձը ենթարկվի վարչական պատասխանատվության»,-նշեց նախարարը:

Նախագիծը դրվեց քվերակության և ընդունվեց 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել