ՀՀ Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգիրքը 47․8-րդ հոդածով սահմանում է մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կանոնները խախտելու վերաբերյալ դրույթները։ Այսպիսով՝
«1. Մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը առողջապահական կազմակերպությունների կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) առողջապահական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի և (կամ) խրախուսման այլ ձևերով զբաղվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը, մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ), բուժաշխատողի կողմից առողջապահական կազմակերպության ղեկավարությանը չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութեր պատրաստելը և տարածելը օրենքի պահանջների խախտմամբ՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
8. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
9. Սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով»: