Ի՞նչ է ընդհանուր սեփականությունը

Գույքը կարող է հանդիսանալ մեկից ավելի անձանց սեփականությունը: Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

 

Ընդհանուր սեփականությունը ծագում է այն գույքը երկու կամ մի քանի անձանց սեփականության վերածվելու դեպքում, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոխման (անբաժանելի գույք) կամ օրենքով ենթակա չէ բաժանման:

 

Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

 

Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:

 

Բաժանելի գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը ծագում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

 

Համատեղ սեփականության մասնակիցների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռով, ընդհանուր գույքի նկատմամբ կարող է սահմանվել այդ անձանց բաժնային սեփականություն:

 

Պայմանագրային ֆոնդի ակտիվների նկատմամբ ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականության հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել