Որպես կանոն, քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված է անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը, որոնցից է նաև ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու սկզբունքը:
Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու սկզբունքը`որպես սոցիալական կարևոր արժեք, ամրագրված է Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետում, համաձայն որի` յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված մեղադրանքի քննության ժամանակ իրավունք ունի չպարտադրվել իր դեմ ցուցմունք տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու:
Պրակտիկայում հաճախ է պատահում, որ քրեական հետապնդման մարմինը, անձին կասկածելով հանցագործության կատարման մեջ, նրան հարցաքննում է որպես վկա`նախազգուշացնելով ցուցմունք չտալու կամ կեղծ ցուցմունք տալու համար նախախատեսված քրեական պատասխանատվության մասին, որից հետո, եթե նրա ցուցմունքներում կան հանցագործության մեջ նրան մերկացնող տվյալներ, անձը ներգրավվում է որպես կասկածյալ, կամ մեղադրյալ, մինչդեռ ինչպես վերը նշված փաստաթղթերով, այնպես էլ համաձայն ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի` ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, և արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:
Աղբյուրը`Իրավաբան.net