Ու՞մ պարտականությունն է պատասխանողին հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները ուղարկելը

Քաղաքացիների շրջանում հաճախ հանդիպող հարցերից է՝ արդյո՞ք հայցվորը պարտավոր է պատասխանողին ուղարկել հայցադիմումի ու կից փաստաթղթերի պատճենները: Քաղաքացիական և վարչական դատավարություններում տարբեր ընթացակարգեր են նախատեսված հայցադիմումը պատասխանողին ուղարկելու համար:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը սահմանում է, որ Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` օրենսգրքի 95 հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին: Այսինքն քաղաքացիական դատավարությունում հայցադիմումի ու կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելու պարտականությունը դատարանինն է:

 

«ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումին, ի թիվս այլ փաստաթղթերի, կցվում է նաև հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, օրենքով սահմանված կարգին համապատասխան, ստանալը հավաստող փաստաթղթերը: Սա նշանակում է, որ վարչական դատավարությունում հայցադիմումն ու կից փաստաթղթերը պատասխանողին ուղարկելու պարտականությունը հայցվորինն է: Ավելին, հայցվորը պարտավոր է հայցադիմումի հետ Վարչական դատարանին ներկայացնել այդ փաստաթղթերը պատասխանողի կողմից ստանալը հավաստող ապացույց»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել