Գիտության զարգացման ներկայիս փուլում զավակներ ունենալու հնարավորություն չունեցող ամուսինները կարող են զավակ ունենալ այլ անձի` փոխնակ մոր շնորհիվ:
Օրենքի համաձայն` փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:
Փոխնակ մայր չի կարող լինել այն կինը, որի փոխնակ մայր լինելը հակացուցված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած բժշկական ցուցումներով:
Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր միջև փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթը), մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ, խստորեն կատարել նրա խորհուրդները և հետևել իր առողջությանը:
Փոխնակ մայրը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձից կամ ամուսիններից առանձին ապրելու դեպքում պարտավոր է վերջիններիս տեղեկացնել հղիության ընթացքի մասին:
Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին:
Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:
Փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում՝ համապատասխան առողջապահական հաստատության կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների և փոխնակ մոր կողմից նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով:
Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net