Արդեն խոսել ենք էվթանազիայի` որպես մարդուն մահ պատճառելու եղանակի մասին(տես Իրավաբան.net-ի 14.08.2012թ. նյութը):
Ինչպես նշվել է, Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը ամրագրում է. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով:
Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այժմ տեսնենք, թե ինչ դիրքորոշում ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս հարցի շուրջ:
«Նախ նշենք, որ ո′չ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայում, ո′չ նախադեպային իրավունքում քննության չի առնվում ինքնասպանության թույլատրելիության հարցն իրավաբանական տեսանկյունից: Սա է պատճառը, որ այդպես էլ հստակ կարգավորված չէ` ապրելու իրավունքը ներառու ՞մ է ապրելու պարտավորությունը և արդյո ՞ք անհատը կարող է հրաժարվել այդ իրավունքից»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Նա նաև հավելեց. «2002թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բախվեց էվթանազիայի իրավունքի հիմնախնդրին, որի կոնտեքստում կյանքի իրավունքը ձեռք է բերում նրա ավանդական հասկացությանն ուղղակիորեն հակադիր ասպեկտ»:
Դա Պրետին ընդդեմ Միացյալ Թագավորության գործն էր, որի փաստական հանգամանքների համաձայն` Անգլիական Բարձր դատարանին էր դիմել ամբողջությամբ կաթվածահար ծանր հիվանդ կին, որը պնդում էր, թե անգլիական իշխանությունները, մերժելով նրան էվթանազիայի թույլտվությունը, խախտել են իր կյանքի իրավունքը: Նա ցանկանում էր, որպեսզի իր ամուսնուն թույլատրեն իրեն օգնել ինքնասպանություն գործելիս` առանց նրա նկատմամբ հետապնդում իրականացնելու:
Նշված գործով ինչպես Անգլիական Բարձր դատարանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել են կյանքի իրավունքը մեկնաբանել հակառակ առումով և վճռել են, որ դիմողի կյանքի իրավունքը չի խախտվել:
Աղբյուրը` Իրավաբան.net