Մեղադրվում են կաշառք ստանալու և տալու մեջ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը և ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձինք, միաժամանակ` 2012-2013 թթ ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի` համապատասխանաբար նախագահի տեղակալ ու պատասխանատու քարտուղար, իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

 

Նախաքննության տվյալներով` Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից եւ Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյան և Հ. Փայասլյանը ստացել են առանձնապես խոշոր չափերի 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` դիմորդ Է. Բարբարյանին ակադեմիա ընդունելու համար:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Գևորգյանին և Հ. Փայասլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Խ. Ազիզյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Ֆահրադյանին և Ա. Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի նեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել