Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր:
Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ.
ա) ամուսինը,
բ) չափահաս երեխան,
գ) ծնողներից մեկը,
դ) հարազատ եղբայրը կամ քույրը,
ե) հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:
Միևնույն առաջնահերթությամբ մի քանի հարազատների առկայության դեպքում բավարար են նրանցից մեկի տեղեկացվածությունը և համաձայնությունը:
Յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի հաստատած կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում:
Անձի դիակային դոնոր հանդես գալու որոշման վերաբերյալ տեղեկությունը ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը լիազոր մարմնի հաստատած կարգով փոխանցում է
օրգանների ու հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:
Փոխպատվաստման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
Լիազոր մարմնի սահմանած կարգով բնակչության շրջանում իրականացվում է տեղեկատվության տրամադրում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ:
Աղբյուրը` Իրավաբան.net