Քվանտային մեխանիկայի ոլորտին նվիրված գրքի հեղինակ Աշոտ Գևորգյանը ԱՄՆ-ում տպագրած իր գրքից երկու օրինակը մաքսազերծելու համար ստիպված է եղել երկու ամսվա իր աշխատավարձը վճարել: Այս օրինակն Իրավաբան.net-ին հետ զրույցում հիշեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության խմբի անդամ Արթուր Իշխանյանը:
«Ուղղակի աննորմալ երևույթ է: Պատկերացնում եք` տպագրատունը գրքի հեղինակին երկու օրինակ է նվիրել, սակայն մաքասազերծման համար գիտնականը ստիպված է եղել 170 ԱՄՆ դոլլար վճարել: Այս օրինակը Նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ ենք բերել»,- նշեց ֆիզիկոսը:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը 2011 թվականի սեպտեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «30+1» առաջարկ:
Օրինակ` Կարինե Գաբուզյանն առաջարկել է ներմուծվող գիտական սարքավորումները և նյութերը մաքսային տուրքից ազատել: Սակայն, մինչ նրա կողմից այդ առաջարկը ներկայացնելը, խնդիրը քննարկվել է տարբեր հանդիպումների ժամանակ, հարցի լուծման ուղղությամբ զբաղվել են այլ գիտնականներ ևս:
Արթուր Իշխանյանի խոսքով էջում տեղադրված առաջարկները հավաքագրել է նախաձեռնությունը մամուլում կամ տարբեր միջոցառումների ժամանակ արված առաջարկությունների ու կարծիքների հիմնա վրա:
«Առաջին անգամ այս հարցը դարձել է լրջորեն քննարկման առարկա 2011 թվականի մայիսի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Կարեն Ավագյանի և հիմնադրամի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ: Կարեն Ավագյանը հանձն առավ այս հարցն ուսումնասիրել, մանրամասները ճշգրտել համապատասխան գերատեսչությունների, պաշտոնյաների հետ և ընթացք տալ խնդրի կարգավորմանը»,- Իրավաբան.net-ին հայտնեց Արթուր Իշխանյանը:
Նրա փոխանցմամբ` անցյալ տարի հունիսի 15-ին երիտասարդ գիտնականները հարցը բարձրացրել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ: Վերոհիշյալ երկու դեպքերում էլ խոստումներից այն կողմ խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր չեն եղել:
ՊԳՖԱ ֆեյսբուքյան նախաձեռնության խմբի անդամ Արթուր Իշխանյանը նշեց, որ հարցը քննարկվել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ 2011 թվականին: Ըստ նրա` Արտակ Դավթյանը որոշակի քայլեր կատարել է իրավիճակի կարգավորումը հասկանալու համար: Կառավարության տարբեր գերատեսչություններից հարցումի պատասխանը եղել է այն, որ գուցե այդ սարքավորումներն ու նյութերը առանց մաքսազերծման Հայաստան մտնեն, սակայն օգտագործվեն կոմերցիոն նպատակներով:
Արտակ Դավթյանն էլ Իրավաբան.net-ին փոխանցնեց, որ երկու անգամ հանդիպել է խմբի հետ: Ի սկզբանե` առաջին հանդիպման ժամանակ, խումբը 12 հարց է բարձրացրել, երկրորդ հանդիպման ժամանակ, Կառավարությունում գործընկերների հետ առաջարկները քննարկելուց հետո, պարզաբանումներ տրվել են, թե իրենք ինչ են ակնկալում և ինչ են անելու: Հանձնաժողովի նախագահի խոսքով` հանդիպմանը ներկա են եղել նաև Գիտպետկոմի նախագահը և Ակադեմիայի քարտուղարը:
«Ներմուծվող գիտական սարքավորումները և նյութերը մաքսային տուրքից ազատելու վերաբերյալ հարցման պատասխանը եղել է այն, որ հնարավորինս ճշտել, թե այդ սարքավորումներից որոնց կոդերը նկատի ունենք, որ ազատեն մաքսատուրքից: Ես ակնկալում էի, որ այդ խմբի հետ նորից կհանդիպեինք և առաջնահերթության կարգով կընտրեինք այն կոդերը, որոնք առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում անհրաժեշտ էին:
…Երբևէ չի եղել, որ խուսափենք իրենց հետ հանդիպելուց, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Նրանք հարցը տեղափոխեցին այլ հարթություն: Տարբեր լրատվամիջոցների նույն հարցադրումները տալիս էին, որ զանգեին: …Այստեղ գիտության հարցերի լուծումը մղվում է երկրոդական, երրորդական պլան և այլ հարցեր են ի հայտ գալիս»,- Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով` հարկային արտոնություն կամ ընդհանրապես արտոնություն ասածը, համենայն դեպս, լավ գաղափար չէ: Որպես կանոն` երբ որ բացառություններ ես անում, հետո տեսնում ես, որ այդ բացառությունների շարքը գնալով ավելանում է:
«Բայց, իհարկե, այդ բացառություն ասածը կոչված է նաև, որ այն ոլորտները, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն, որոշակի աջակցություն ցուցաբերես: Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք կշեռքի նժարների վրա դնել, թե իրականում ինչ ենք մենք շահելու և ինչ կորուստներ կարող ենք ունենալ, և եթե շահելը լինի ավելի ծանրակշիռ, քան այդ կորուստները, ինչու` չէ, նաև պետք է գնանք այդ հարցերին որոշակի արտոնություններով լուծում տալուն»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Վերջինիս փոխանցմամբ` ծանր ու թեթև անելուց հետո, պետք է հասկանան, թե գիտության զարգացմանը միտված ո˚ր սարքավորումներն ու նյութերն են, որ առաջիկա մեկ-երկու տարիներին մեզ համար անհրաժեշտ ու առաջնային են լինելու:
«Միգուցե ավելի ընդունելի և ավելի կարճ ճանապարհ լինի այն, որ եթե գիտական նպատակներով ներմուժվող սարքավորումը և նյութերը 10 կամ 20 միլիոն դրամի կարգի գումար է, բայց իրականում մենք շահելու ենք բազմապատիկ ավելին, ապա համապատասխան չափով գումարներ նախատեսենք, որը կփոխանցվի այն կազմակերպությունների կողմից, ում համար այդ պատվերները կլինեն: Այդքանով ավելացնեն և օրենքներում էլ այդ բացառությունները չանենք»,- առաջարկեց Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ իրենք պատրաստ են քննարկելու հարցը գիտնականների և ՊԳՖԱ նախաձեռնության անդամների հետ. «Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ միայն իրենք են մտահոգ գիտության խնդիրներով»:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net