Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը նոյեմբերի 7-ին ներկայացրեցին ԵՄ աջակցությամբ իրականացված արդարադատության ոլորտին վերաբերվող ծրագրերի արդյունքները: Հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:
Եվրոպական Միության և ՀՀ Արդարադատության նախարարության ջանքերը ուղղված են ապահովելու արդարադատության անկախությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց. «Եվրամությունը եղել է, կա և շարունակում է մնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գլխավոր գործընկերը: Ի դեմս Եվրամիության՝ մենք ունենք կայուն և վստահելի գործընկեր. մեր շահերը և նպատակները համընկնում են: Իսկ իրականացված փոփոխությունները նոր որակ են հաղորդելու քաղաքացի-պաշտոնատար անձ հարաբերություններում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսի խոսքով՝ համագործակցության կարևոր ոլորտներ են հանդիսանում նաև թափանցիկության ապահովումը, արդյունավետության բարձրացումը, բնակչությանը ավելի լավ ծառայությունների մատուցումը և արդարադատության համակարգի մատչելիությունը:
«Չնայած մինչ այժմ կատարված աշխատանքներին՝ ԵՄ-ն բազում բարեփոխումներ ունի կատարելու Հայաստանում։ Այս ջանքերը խթանելու նպատակով ԵՄ-ն արձագանքել է ՀՀ կառավարության պահանջին՝ օժանդակել «Բյուջետային աջակցություն» ծրագրի երկրորդ փուլը ավարտին հասցնելուն։ Դրանք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի արյունավետությանն ու մատչելիությանը, այլընտրանքային պատիժների համակարգի ներդրմանը, քրեական օրենսգրքի վերանայմանը»,- ասել է Օննո Սիմոնսը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպանը ԵՄ աջակցության շրջանակներում նշեց որոշ կոնկրետ արդյունքներ, որոնցից են՝ տարբեր մարզերում դատարանների նոր կառուցված շենքերը և գործող շենքերի վերանորոգումը, դատարաններում էլեկտրոնային տեղեկատվական տերմինալների տեղադրումը, արբիտրաժային և պրոբացիոն համակարգերի խթանումը և դատարանների փաստաթղթային կառավարման նոր համակարգի ներդրումը:
ԵՄ աջակցությամբ ստեղծվել է նաև Փաստաբանների դպրոց, իսկ ԵՄ փորձագետների աջակցությամբ փորձաքննություն են անցել բազմաթիվ իրավական ակտեր:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ, անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին, նշեց, որ այդ հիմնարկներում խնդիրները շարունակում են մնալ բազմաշերտ:
«Այստեղ իրականացվող բարեփոխումների հարցում Եվրամիության աջակցությունը նույնպես բազմաշերտ է: Անմիջական ուշադրության կենտրոնում է լինելու պրոբացիոն ծառայության մասին օրենքը եւ այդ համակարգի ստեղծումը: Առանց սրա, ոլորտի խնդիրները չենք կարող լուծել: Սա հնարավորություն է տալու ազատազրկման դատապարտված անձին հասարակության մեջ սահուն ինտեգրվելուն եւ հնարավորություն է ազատազրկման դատապարտվածին ուղղել, վերադաստիարակել ու հասարակության համար անվտանգ մարդ դարձնել»,- նշել է նախարարը:
ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտին ներառում է բյուջետային աջակցություն Հայաստանին, ինչպես նաև տեխնիկական օժանդակության միջոցառումներ (€18 միլիոն), Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ ծրագիր (մոտ €4 միլիոն), Թվինինգ ծրագիր Գերմանիայի և Իսպանիայի հետ (€1 միլիոն) և տեխնիկական աջակցության այլ ծրագրեր` ընդհանուր առմամբ մոտ €23 միլիոնի չափով: Այս ծրագրերը հանդիսանում են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանին տրամադրվող լայնածավալ օժանդակության մաս:
Աղբյուրը` Իրավաբան.net