Կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
Կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլվում են նրա կանոնադրությունում և ծրագրում, որոնք հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
Կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը`
1) թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների անդամակցությունը.
2) նախատեսում է անձանց անդամակցությունը միայն մասնագիտական, ազգային, ռասայական, կրոնական հատկանիշներով.
3) նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք օրենքին համապատասխան չեն կարող լինել կուսակցության անդամ:
Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երևանում: Կուսակցությունն իրավունք ունի օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ:
Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է ՀՀ պետական ռեգիստր:
Կուսակցական տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներն ստեղծվում և նրանց գործունեությունը կազմակերպվում է միայն տարածքային հատկանիշով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իրավապահ մարմիններում, նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կուսակցությունների տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն արգելվում են:
Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություն:
Աղբյուրը` Իրավաբան.net