Դատարանի նախագահի կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու գործով մեղադրական եզրակացությունները ներկայացվեցին դատարանում

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու գործով մեղադրողը շարունակվեց ներկայացնել մեղադրական եզրակացությունը:

Նշենք, որ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:

Մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը նշեց, որ Մելանյա Գալստյանին և ամուսնուն՝ Կամո Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, այս գործով ամբաստանյալ Ս. Շհոյանին տվել են 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 դոլար կաշառք՝ հանցագործության համար մեղադրվող իրենց որդու օգտին գործողություններ կատարելու համար և նրա արարքը ինքնապաշտպանություն որակելու համար:

Հետագայում՝ նույն քրեական գործով դատական վարույթի ընթացքում 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսներին Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի միջնորդությամբ տվյալ քրեական գործով նիստը նախագահող դատավորին տվել են առանձնապես խոշոր չափերով՝ 10.805.170 դրամին համարժեք 23.000  դոլար կաշառք։

Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ամբաստանյալ Մելանյա Գալստյանն ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում մասնակի: Դատարանի այն հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ամբաստանյալ Մելանյա Գալստյանն ասաց, որ դատաքննության ընթացքում կմեկնաբանի:

Կամո Գալստյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դիրքորոշումը կհայտնի դատաքննության ընթացքում:

Մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը կարդաց, որ ամբաստանյալ Էդվարդ Չինարյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար նպաստել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, ինչպես նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից Զարիկ Գրիգորյանի ամուսնու՝ Ռոբերտ Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ( ռուբլի) կաշառք տալու համաձայնության իրականացմանը։

Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ամբաստանյալ Էդվարդ Չինարյանն ասաց.«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և այդ մասին կանդրադառնամ հետագայում»:

Մեղադրողը կարդաց նաև ամբաստանյալ Ռոբերտ Գրիգորյանի մեղադրական եզրակացությունը: Մասնավորապես ասաց, որ Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող կնոջ՝ Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝ Գոռ Գրիգորյանի փաստաբան Էդվարդ Չինարյանի օժանդակությամբ  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ (ռուբլի) կաշառք։

Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ամբաստանյալ Ռոբերտ Գրիգորյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքը պարզ է, բայց ունի ավելացում. « Լիարժեք եմ համարում միայն մեկ բանի համար, որ ես ժամանակին հիմնել եմ սեփական քրտինքով հող  և դրա համար վճարել եմ:Հետագայում կադաստրն ինչ սխալ է թույլ տվել ու ինչ չի տվել, չգիտեմ: Ես դիմեցի փաստաբանին, որ պաշտպանի իմ շահերը, բայց երբեք մտքովս չի անցել որևէ մեկին կաշառք տամ»: Նա ասաց նաև, որ զղջում է կատարվածի համար, իրեն մեղավոր է ճանաչում:

Այդ պահին ընդհատվեց ամբաստանյալի խոսքը, քանի որ դատարանից հնչեցին «ռեպլիկներ»  ուղղված ամբաստնյալ Ռոբերտ Գրիգորյանին հետևյալ արտահայտությամբ.«Ի՞նչ է, ցուցմունք ես տալիս»:

Դատարանը միջամտեց և  ամբաստանյալին ասաց՝ ձեր ասածը հայերեն չէր, բայց արդեն հասկանալի է:

Մեղադրող Դավիթ Կարապետյանը շարունակեց կարդալ ամբաստանյալ Խաչատուր Դադոյանի մեղադրական եզրակացությունը:Մասնավորապես ասաց, որ Խաչատուր Դադոյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդես գալով որպես անշարժ գույքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ամբաստանյալ Խաչատուր Դադոյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և իր դիրքորոշումը կարտահայտի հետագայում:

Դատարանը լսեց նաև ամբաստանյալ Արմեն Բարսեղյանի մեղադրական եզրակացությունը: Մեղադրողն ասաց, որնրան մեղադրանք է այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը, ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Մեղադրական եզրակացություը լսելուց հետո, ամբաստանյալ Արմեն Բարսեղյանն ասաց. «Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Հնչեց ամբաստանյալ Վրույր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը նույնպես: Մեղադրող Դավիթ Կարապետյանն ասաց, որ Վրույր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ամբաստանյալ Վրույր Վարդանյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Մեղադրողը շարունակեց կարդալ մեղադրական եզրակացությունն ամբաստանյալ Լաուրա Մարտիրոսյանի վերաբերյալ:Մասնավորապես ասաց, որ Լաուրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ ծառայելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ Լ. Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար ՔԿՀ պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով Կարեն Մարտիկյանի միջոցով Հայկ Կարապետյանից ստացել է 450000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն։

Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ամբաստանյալ Լաուրա Մարտիրոսյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ դիրքորոշումը կհայտնի դատաքննության ընթացքում:

Այդ պահին պաշտպան Արմեն Մելքոնյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին մեջբերում անելով «Քրեական դատավարության օրենսգրքի» 324-րդ հոդվածը, որով ասվում է՝  նախագահող դատարանը պետք է պարզաբանի մեղադրյալին, թե ինչի համար է նա մեղադրվում: Այդուհետև, մյուս պաշտպանները միացան այդ միջնորդությանն ու ասացին, որ դատարանից պահանջում են հեռանալ խորհրդակցական սենյակ և այդ մասին որոշում կայացնել, սակայն դատարանն առանց խորհրդակցական սենյակ գնալու ասաց, որ մերժում է այդ միջնորդությունը տեղում:

Պաշտպան Արմեն Մելքոնյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց: Ասաց, որ մինչ օրս իր պաշտպանյալը՝ Աղվան Պետրոսյանը, ծանոթ չէ քրեական գործով առկա նյութերին և չի կարող մասնակցել հաջորդ դատական նիստին այդ պատճառով: Դատարանը հիշեցրեց, որ Աղվան Պետրոսյանը մեկ անգամ հրաժարվել է գործում առկա նյութերին ծանոթանալուց:

Այնուամենայնիվ, պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի դեռ գործում առկա նյութերին իր պաշտպանյալը ծանոթ չէ: Այսպիսով, դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև դեկտեմբեր ամսվա երկրորդ կես:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել