Փաստաբան Տիգրան Սաֆարյանը արդեն 10 տարի է` զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Նրա հետ զրուցել ենք Իրավաբան.net-ի «Մեր փաստաբանները» շարքի շրջանակում:
-Պարոն Սաֆարյան, հաճախ քաղաքացիների կրած վնասի նյութական չափը ավելի փոքր է լինում, քան փաստաբանի կողմից իր ծառայությունների դիմաց պահանջվող գումարը: Ինչպե՞ս է կարգավորվում շուկան:
-Շուկան հստակ ձևավորված չէ, որ գին նշենք: Կան փաստաբաններ, որոնք բարձր պահանջներ ունեն, կան, որ միջին, և կան նորաթուխ փաստաբաններ, որոնք ավելի ցածր վարձատրություն են ուզում: Ուրիշ հարց է, որ այդ փոխհատուցումը լրիվ այլ խնդիրներ ունի: Վարչական դատարանում գործեր ունեինք տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների հետ կապված: Առաջին վճռով, որը hoգուտ մեզ էր, 200.000 դրամ փոխհատուցում սահմանեց դատարանը, չնայած մեր պահանջածը ավելի շատ էր: Հետո հասկացան, որ շատ է և իջեցրին մինչև 150.000, հետո 100.000: Գործեր ենք ունեցել, որ ընդամենը 50.000 դրամ է փաստաբանի համար փոխհատուցում սահմանվել: Փաստաբաների պալատի խորհուրդը փորձ արեց գնացուցակ սահմանել, որn ընդամենը կողմնորոշիչ նշանակություն ունի: Վարչական գործերով չեմ զբաղվում, չեմ կարող ասել, բայց քրեական գործերով դատարանները քիչ են սահմանում վարձատրությունը:
-Ի՞նչ գործոններ են ազդում փաստաբանի ծառայությունների դիմաց վարձատրության բարձրացման վրա:
-Ազդում է, այսպես ասած, շահած գործերի քանակը կամ այդ գործերի կշիռը: Այլ երկրներում փաստաբանի վարձատրության համեմատությամբ մեզ մոտ միջինում ցածր է վարձրատրությունը: Անհատները, հիմնարկները պատրաստ չեն մեր երկրում փաստաբանական ծառայությունների համար գումարներ ծախսել, ոնց որ բժշկության համար՝ մինչև բանը ոսկորին չհասնի:
-Կան մարդիկ, ովքեր կողմ են, որ անձի շահերը դատարանում պաշտպանեն նաև ոչ փաստաբանները: Ի՞նչ կարծիքի եք այս մասին:
-Մեր օրենքը որոշակի բացառություն տալիս է դատարանում ոչ փաստաբանի աշխատանքի հետ կապված: Օրինակ՝ եթե ազգականն ես, եթե պաշտպանում ես քո գործատուի շահերը, և այլն: Ինձ թվում է, որ սա լայն դաշտ է բացում ոչ փաստաբանների համար: Պալատը դեմ է այսպիսի կարգավորմանը, որովհետև պալատը այսօրվա դրությամբ միակ մարմինն է, որը փաստաբանական դպրոցի միջոցով կարողանում է ապահովել հանրապետությանը փաստաբաններով:
-Կարծիք կա, որ եղած փաստաբանների քանակը բավականին մեծ է՝ եղած գործերի համեմատ: Դա այդպե՞ս է:
-Այո, կարծիք կա, բայց ես այդ կարծիքին չեմ, որ շատ է: Մշակույթը պետք է փոխվի: Փաստաբանների ծառայություններից չպետք է օգտվեն միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցել է: Իմ փորձով ասեմ. այն մարդիկ, ովքերն արտասահմանից են եկել Հայաստան կամ ովքեր արտասահմանցի են և ուզում են ինչ-որ գործունեություն ծավալել Հայաստանում, առաջին բանը, որը նրանք անում են, փաստաբանի, իրավաբանի ծառայություններին դիմելն է: Եթե այդպես բոլորի դեպքում լինի, ապա այսօրվա դրությամբ մեր ունեցած փաստաբանների քանակը չի էլ բավարարի:
-Որքանո՞վ է այսօր պահպանվում անմեղության կանխավարկածը: Ի՞նչ խախտումներ եք նկատել Դուք:
-Ինչ-որ բան արդեն փոխվել է: Եթե մի քանի տարի առաջ նայեինք 1-02 հաղորդաշարը, այնտեղ բոլորը հանցագործի պիտակավորումով գնում էին: Հիմա գոնե վերջում ծանուցում են տեղադրում, որ մարդը մեղավոր չի համարվում, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել: Արտասահմանում վիճակը այլ է: Լաս Վեգասի դեպքերի ժամանակ ոչ մի պաշտոնատար անձ ԶԼՄ-ներով ձերբակալվածին չէր պիտակավորում: Օգտագործվում էր ձերբակալված անձ կամ կալանավոր տերմինը: Մեզ մոտ միանգամից գրում են, որ հանցանքը կատարել է այս մարդը: Ու այդ կարգը խախտում են նաև բարձրաստիճան պաշտոնյաները:
-Փաստաբանները իրենց մեղքի բաժինը ունե՞ն օրենքի այս դրույթի խախտման մեջ:
-Այո, շատ հաճախ փաստաբանները կամ նրանց վստահորդները հետամուտ չեն լինում՝ խախտման դեպքեր նկատելիս: Ես մի գործ ունեմ, որը հիմա Եվրոպական դատարանում է: Դատարանը դատաքննություն էր նշանակել և դատավորներից մեկը գրել էր՝ այսինչյանին պատասխանատվության ենթարկելու համար գործը նշանակել դատաքննության: Դատարանը առաջին իսկ պահից որոշել էր, որ պաշտպանյալիս պատասխանատվության պետք է ենթարկի: Մի գործ էլ ունեի, որտեղ դատարանը կալանքի ժամկետը երկարացնելու ժամանակ գրել էր՝ հաշվի առնելով նրա կատարած հանցանքի վտանգավորության աստիճանը… Արդեն հաստատված փաստ էր համարում: Պետք է այդ մասին այնքան բարձրաձայնվի, որ հասկանան՝ չի կարելի:
-Պարոն Սաֆարյան, ո՞րն եք համարում Ձեր կարիերայի ամենահաջողված գործը:
-Դժվար է ասել, բայց մեկը կնշեմ: 2013 թվականի գարնանը Պռոշյանի գյուղապետ Վրեժ Մուրադյանը մեղադրվում էր սպանության մեջ: Նա ազատամարտիկ է: Գյուղում նրա մեքենայի վրա կրակոցներ էին արձակվել և նա խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել էր ոստիկանության բաժին: Նախ դատարանը մերժեց կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, իսկ հետո գործը կարճվեց: Ամենալավը այդ գործն էր:
– Մեր դատարանները շատ հաճախ բավարարում են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները: Ինչի՞ հետ է սա կապված:
-Ավանդույթ է դարձել արդեն: Դա գալիս է դատավորների ոչ ինքնուրույնությունից, նրանց ինքնավստահ չլինելուց: Երբ նայում ենք այդ վիճակագրությունը, ապա կարելի է հաշվել, թե այդպիսի միջնորդությունները մերժող դատավորները քանիսն են: Հիմանական մասը երիտասարդ դատավորներ են, որոնք շատ երկար փորձ չունեն, չնայած լավ կրթություն են ստացել: Հաճախ է լինում, որ հին դատավորներին ոչ թե զիջում են, այլ առավել են:
-Մի քանի այդպիսի դատավորի կնշե՞ք:
-Օրինակ՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝ Դավիթ Բալայանը: Նաև կարող եմ նշել վերաքննիչի դատավորներից շատերին: Մի կողմից շատ վատ էր, որ առաջին ատյանի դատարաններից տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան: Լավ է այն առումով, որ հիմա վերաքննիչ դատարանը ինչ-որ առումով վերաքննություն է իրականացնում, փաստաբանները հույս են կապում այդ դատարանի հետ: Վատ է, քանի որ առաջին ատյանի դատարաններում իրենց տեղը դատարկվում է և դեռևս արժանի փոխարինողներ չեն գալիս:
-Փաստաբանները հաճախ են բարձրաձայնում, որ վճռաբեկ ատյանը որպես դատարան չի կայանում: Ո՞րն է պաճառը:
-Վճռաբեկը չի կատարում այն, ինչ Սահմանադրությամբ իր վրա դրված է: Պարզ չէ այն սկզբունքը, թե ինչ փաստերով առաջնորդվելով է վճռաբեկը վարույթ ընդունում այս կամ այն գործը: Բոլորը նշում են ռեսուրսների բացակայությունը, բայց եթե դա է խնդիրը, ապա պետք է այդ հարցը լուծել: Վերջին փոփոխություններից հետո, երբ մենք պետք է նաև վերլուծություն ներկայացնեինք գործը վճռաբեկ տանելու համար: Դրանից հետո էլ գրում են՝ չնայած ներկայացվել է վերլուծություն, սակայն դա բավարար չէ պահանջը բավարարելու համար: Ասեք, թե ո՞նց պետք է արվի այդ վերլուծությունը: Ես ամեն ինչ փորձել եմ, չի ստացվում:
Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի