Ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներ են․ Կարեն Զադոյանը՝ պատգամավորին

Կոռուպցիայի դեմ պայքարը երեք հիմնասյուներ ունի, որոնցից առաջինը հակակոռուպցիոն կրթությունն է, այս տեսանկյունից «Իրավաբանների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը կարևոր է համարում պատգամավորներին հակակոռուպցիոն գիտելիքներ տրամադրելու հանգամանքը:

Պարոն Զադոյանն այսօր «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձ կատարեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի երեկվա ելույթին։ Խորհրդարանի անդամը Ազդարարների մասին օրենսդրական փաթեթում նկատել էր «հային ոչ հարիր» դրույթներ, իսկ ազդարարությունը որակել՝ որպես «գործ տալ»։

Պարոն Զադոյանի խոսքերով՝ պատգամավորները պետք է առնվազն տիրապետեն մասնագիտական խնդիրներին, որից հետո միայն մոտենան ամբիոնին և ելույթ ունենան․ «Ամոթալի է և պատվաբեր չէ, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը նման ելույթ է ունենում։ Ազդարարներն այն անձիք են, որոնք հայտնում են կոռուպցիոն դեպքերի մասին, այսինքն՝ տեղեկացնում են իրավապահ մարմիններին և հանրությանը, որպեսզի այդ խնդիրները վերացվեն։ Նրանք «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։ Պետությունը և հասարակությունը պետք է սատար կանգնի նրանց»,- շեշտեց Կարեն Զադոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ կազմակերպությունը իր առաջարկներն է ուղարկել խմբակցություններին, հորդորներին արձագանքել են «Ելք» խմբակցության պատգամավորները, հանդիպում է տեղի ունեցել, մեկ այլ հանդիպում կայացել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ․ «Ցավոք, մնացած խմբակցությունները չեն ցանկացել հանդիպել, և եթե հանդիպեին, նույն Դաշնակցությունն էլ, ես վստահ եմ, որ այդպիսի ելույթ չէր էլ լինի»,- նշեց ԻՀԱ ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել