Կառավարությունը նախատեսում է անվանափոխել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, սակայն փոփոխություններն այդքանով չեն ավարտվի։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղված նախագծի համաձայն՝ հանձնաժողովը կկոչվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին։
Նոր մարմինը կունենա նույն կազմ, ինչպես որ նախկինում էր հինգ անդամ՝ Հանձնաժողովի նախագահը, տեղակալը և ևս երեքը:
Եթե Հանրային ծառայության մասին օրենքում ամրագրված էր, որ «հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին», ապա նոր նախագծով փոխվել է աշխատանքային ստաժի մասին պահանջը, այն ունի հետևյալ տեսքը․ «Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 3-ը հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտի»։
Չի բացառվում, որ այս փոփոխությունը կատարվել է հենց էթիկայի հանձնաժողովի առաջարկով, քանի որ այս մարմնի գործող նախագահը՝ Սիրանուշ Սահակյանը, ըստ վերջինիս կենսագրության, ծավալել է իրավաբանական գործունեություն, սակայն հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտում 10 տարվա ստաժ չունի, թերևս որպես այդպիսին կարելի է դիտարկել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում որպես նախագահ գործունեություն ծավալած ստաժը՝ 2009-2013թթ., ինչպես նաև 2014թ․-ին էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Այսքանով հանդերձ հակակոռուպցիոն բնագավառում նրա ստաժը լինում է 7 տարի։
Նոր նախագծով էթիկայի հանձնաժողովի անդամները ստանալու են համանման անձեռնամխելիություն, ինչ Ազգային ժողովի պատգամավորները, ամրագրվել է, որ անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Հանձնաժողովի համաձայնությամբ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Արդյոք արդյունավետ կլինի հենց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ձևավորել նոր մարմինը, որտեղ գործունեություն կծավալեն նույն անձիք։ Հարցին պատասխանելու համար հարկավոր է հետհայացք նետել ու պարզել, թե ինչ են վերջին տարիներին արել այս մարմնի աշխատակիցները։
Գործունեության արդյունավետությունը՝ 0
2012թ․-ից առ այսօր գործող մարմինը հասցրել է ընդամենը 5 վարույթ հարուցել, վերջինը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դեմ է եղել, սակայն հանձնաժողովը ոչինչ չի արել այդ ուղղությամբ, քանի որ դիմելուց օրեր անց դիմումատուն հրաժարվել է հայցից։
Այս հանձնաժողովի անդամները բավականին բարձր աշխատավարձն են ստանում, օրինակ՝ նախագահի՝ Սիրանուշ Սահակյանի տարեկան եկամուտը աշխատավարձից կազմել է 10,3 մլն դրամ, այսինքն՝ ամսական նա ստանում է 860 հազար դրամ։
Շուրջ չորս տարի պետական բյուջեի հաշվին միլիոններ են ծախսվել, որպեսզի հանձնաժողովի անդամները ստանան ու մուտքագրեն պաշտոնատար անձանց հայտարարագրերը, ինչպես նաև բողոքեն, որ իրենց լիոզորությունները բավական չեն լուրջ գործունեություն ծավալելու համար, ընդ որում՝ ոչ մի քայլ չձեռնարկելով հայտարարագրերում առկա անճշտություններն ու կեղծիքները վեր հանելու ուղղությամբ։
Իհարկե, միջազգային կազմակերպությունների հաշվին հանձնաժողովի անդամները հասցրել են լինել Սլովենիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Հանձնաժողովի՝ 2012-2015թթ․ գործունեության հաշվետվությունն ընդամենը 18 էջ է։ Շահերի բախման ուղղությամբ հանձնաժողովը գործնական ոչինչ չի արել, «Էթիկա և շահերի բախում» 3 էջանոց բաժնում ընդամենը օրենսդրության վերլուծությունն է և հայտերի մասին ամփոփ տեղեկատվությունը։
Այս հանձնաժողովի վերաբերյալ հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը ոչ թե դժգոհում է դրա գործունեությունից կամ անգործությունից, այլ անգամ տեղյակ չէ, որ 4 տարուց ավելի իր հարկերի հաշվին նման մարմին է գործում։
Հանձնաժողովի գործունեության մասին միայն շարքային քաղաքացիները չէ, որ անտեղյակ են։ Ոլորտի փորձագետներ, պատգամավորներ, իրավաբաններ․ մեր հարցազրույցների ընթացքում նրանք կամ առաջին անգամ են լսել մարմնի մասին կամ էլ միահամուռ նշել են, որ այն արդյունավետ չի գործել ։
«Ես նրանց աշխատանքը չեմ տեսել»,- ասում էր ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, «Էթիկայի հանձնաժողովը գոյություն ունի միայն անունով»,- Անահիտ Բախշյանի կարծիքն է, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այս հանձնաժողովի մասին խոսելիս նշել է․ «Ստացվում է, որ դու ունենում ես ձև, սակայն ոչ բովանդակություն», ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ընդհանրապես տեղյակ չէր, որ այս հանձնաժողովի լիազորություններն ուզում են ընդլայնել։ Այս շարքը կարելի է երկար դեռ շարունակել։
Տվյալ պարագայում հարց է առաջանում, որի հասցեատերն, ըստ էության կառավարությունն է՝ ի՞նչ իմաստ կա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմքերի վրա ստեղծել նոր մարմին, որը չի բացառվում՝ կունենա նույն ճակատագիրը։
Ինչպես ձևավորվեծ այս նախագիծը
2015թ. Սեպտեմբերի 2-ին հայտարարվեց պետության և քաղաքացիական հասարակության նոր հարթակի ստեղծման վերաբերյալ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Արդարադատության նախարարությունը որոշեցին համատեղ աշխատանքային խմբեր ձևավորել: Այդպես էլ եղավ, աշխատանքային խմբերը մի քանի ուղղությամբ գործունեություն ծավալեցին և հետազոտություններ կատարեցին, այդ թվում՝ մշակեցին երկու մոդել՝ Հակակոռուպցիոն մարմնի համար:
Դրանք ներկայացվեցին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի՝ հունիսի 15-ի նիստին, արդյունքում հանձնարարվեց Արդարադատության նախարարին բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները՝ հակասությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջարկը: Այս մասին ամիսներ անց խոսեց նաև վարչապետը՝ հանձնարարելով քննարկել բոլոր առաջարկները:
Առաջին մոդելի մասին արդեն խոսել ենք, իսկ ինչ վերաբերում է երկրորդին, ապա այն շատ ավելի արդյունավետ գործող է, համենայն դեպս այդպես են վստահեցնում փորձագետները: Երկրորդ մոդելը, որն այդպես էլ հանրային քննարկման չդրվեց, ունի երեք կոմպոնենտ, ըստ այդմ՝ նոր մարմինը բացի կանխարգելիչ և կրթական գործառույթներից, պետք է ունենար նաև քննչական ֆունկցիա:
2016թ. Դեկտեմբերի 6-ին խորհրդակցություն եղավ նախագահի մոտ, արդեն իսկ նախագահին ներկայացրել էին առաջին մոդելի մասին գաղափարը, նախարար Արփինե Հովհաննիսյան հայտնեց, որ այն մշակվելու է հենց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա, և դրանով ընդլայնելու են այս հանձնաժողովի լիազորությունների շրջանակը:
Նախագահն այս գաղափարին հավանություն տվեց և հանձնարարեց նոր աշխատանքային խումբ ձևավորել՝ միաժամանակ ընդգծելով, որ հարկավոր է լսել նաև բոլոր շահագրգիռ կառույցներին:
Այսպիսով ձևավորվում է երկրորդ աշխատանքային խումբն, այս անգամ նախարարի ղեկավարությամբ, խմբի մեջ կար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, սակայն ոչ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան:
Նոր աշխատանքային խումբն էլ ոչ հրապարակային կերպով մշակում և շրջանառության մեջ է դնում էթիկայի հանձնաժողովի շահերը սպասարկող նախագիծը:
Կարդացեք նաև՝