Իմանալու համար, թե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ո՞ր երկրներ է այցելում և ի՞նչ «փորձառություն»՝ բերում, մեզ պահանջվեց երեք հարցում ուղարկել:
Այսպես՝ ամեն ինչ սկսվեց առաջին հայացքից ոչինչ չասող մի նյութից: Մեջբերենք դրա սկիզբը. «Հայտարարագրերի վերլուծության կարողությունները զարգացնելու համար Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Շահերի բախման, եկամուտների և գույքի հայտարարագրերի կարգավորումները Հայաստանի հանրային ծառայության ոլորտում» թեմայով սեմինարին» և այլն: Եթե լրագրողի մասնագիտական հայացքով նայեք այս նյութին, ապա կտեսնենք, որ այն թերի էր՝ դասական իմաստով, այսինքն՝ «5 W»-երի սկզբունքը ամբողջությամբ չէր պահպանվել՝ ով, ինչ, երբ, որտեղ, ինչու (Who, What, When, Where, Why):
Մասնավորապես նյութից չէր հասկացվում, թե որտե՞ղ են եղել հանձնաժողովի անդամներն, նրանցից ովքե՞ր են պատվիրակության կազմում ու ե՞րբ են տեղի ունեցել այցելությունը:
Առաջին հարցմանն ի պատասխան՝ հանձնաժողովից տեղեկացրին, որ եղել են ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում, հանդիպումներ ունեցել, պարզվեց նաև, որ այցելության գնացել են նախագահի և երեք անդամներով՝ ապրիլի 29-ից մայիսի 1-ը:
Նախ այցելության մասին՝ ապրիլ ամսին այս հանձնաժողովն ուներ ընդամենը չորս անդամ, հինգերորդ անդամը՝ Էդգար Շաթինյանը, այդ պաշտոնին նշանակվել է նախագահի՝ հունիսի 13-ի հրամանագրով: Այսինքն՝ ևս մեկ անգամ հաստատվում է մինչ այս մեր կողմից հնչեցրած պնդումը, որ հանձնաժողովը ողջ կազմով բացակայել է հանրապետությունից: Ըստ էության հանձնաժողովն իր ողջ գործունեության ժամանակ պարբերաբար ողջ կազմով բացակայել է հանրապետությունից, բայց արդյո՞ք այս մարմնի պահանջը զգացվել է այդ օրերին:
Ինչևէ, արդեն երկրորդ հարցման մեջ փորձել էինք ճշտել՝ բացի ԱՄՆ-ից այլ երկիր այցելել են հանձնաժողովի անդամները, հարցմանն ի պատասխան պարզվեց, որ այցելություն եղել է, հանձնաժողովը ոչ միայն ԱՄՆ-ում է հանդիպումներ ունեցել, ինչպես նշված էր նախորդ հարցման մեջ, այլ նաև Արգենտինայում: Երրորդ ճշտող հարցման արդյունքում պարզվեց, որ ԱՄՆ և Արգենտինա կատարած այցելությունների շրջանակներում, հայաստանյան պատվիրակությունը 2015 թվականի ապրիլի 28-ից մայիսի 1-ը գտնվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում, իսկ մայիսի 3-ից մայիսի 8-ը՝ Արգենտինայի Հանրապետության Բուենոս Այրես քաղաքում:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ է այսպես փութաջանորեն իր այցելությունների մասին տեղեկատվությունը թաքցնում հանձնաժողովը, նույնն է՝ ինչ որոշ պաշտոնյաներ թաքցնում են իրենց ունեցվածքներն այս հանձնաժողովից: Թե ինչքանո՞վ է բաց ու թափանցիկ գործում այն, գնահատեք ինքներդ:
Գևորգ Թոսունյան