Մանր և խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի վիճակը Հայաստանում, մեղմ ասած, մտահոգիչ է: Սպանդը իրականացվում է բակերում, իսկ բակային մորթն իր հերթին բերում է մի շարք խնդիրներ:
Ըստ Գյուղատնտեսության նախարարությանը մեր կողմից ուղարկված հարցմանը, թե քանի՞ սպանդանոց կա ՀՀ արածքում, տեղեկացանք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության համակարգում գրանցված են թվով 9 սպանդանոցներ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ՝ Արմեն Վարդանյանը մեզ մի քիչ այլ պատասխան տվեց.
«Եթե նորմալ քաղաքակիրթ երկրներում գյուղատնտեսությամբ են զբաղվում բնակչության 5-10%-ը, ապա Հայաստանում այն կազմում է շուրջ 30-40%, և գրեթե բոլորն էլ մի քանի անասուն են պահում իրենց ընտանիքի համար և դրանց սպանդը սպանդանոցներում իրականացնելը բավականին բարդ է ստացվում, որովհետև նախ դրանց քանակն է շատ սահմանափակ, և եթե գյուղացին ցանկանում է մեկ կով կամ ցուլիկ մորթել, ապա դա պետք է 20-30, կամ շատ ավել կիլոմետր հեռու տանի, հասնի էնտեղ, հանջնի կենդանուն, վճարի դրա համար, և բնական է, որ շատ խնդիրներ են առաջանում թեկուզ հենց տեղափոխման հետ կապված»,-նշում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նա նշում է, որ չգիտես ինչու, բայց միայն Գումի շուկայի մասին են խոսում, այնինչ նմանատիպ այլ շուկներում էլ նույն իրավիճակն է: Չիլինգարյանը առանձնացնում է մի քանի խնդիրները.
«Խորենացի փողոցի մսի վաճառքի տաղավարներում իրականացվում էր ռիսկի գնահատում, որի ամբողջ իմաստն ամբողջ աշխահում կայանում է նրանում, որ ամեն անգամ պետական կամ մասնավոր գումարները անհարկի չմսխվեն և եթե արդեն կա բարձր ռիսկ, ապա ապացուցված է, որ այս բարձր ռիսկայնության դեպքում աղտոտումն անխուսափելի է»:
Այս մասին Իրավաբան.net– ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Պիպոյանը:
Նրա խոսքով գնահատումն իրականացվում է ըստ մի քանի գործոնների, որոնցից են հենց տաղավարների հիգիենիկ ցուցանիշների համապատասխանումը (տաղավարը սալիկապատված է, թե՝ ոչ, աշխատակիցներն արտահագուստ ունեն, թե՝ ոչ, պահպանվում է ջերմային ֆոնը, թե՝ ոչ), ինչն առաջին կարևոր ցուցիչներից է:
«Այդ բոլոր փոփոխությունները կկրեն կոսմետիկ բնույթ, եթե առաջնային օղակում վերահսկողություն չիրականացվի: Ձեզ համար ինչ տարբերություն, վարակված միսը այժմյան տաղավարներից կվաճառեն, թե մարքուր ու կոկիկ հագնված, լավ սանրվածքով մսավաճառի ձեռքից, ով տաք ու սառը ջուր ունի իր տաղավարում».-նման կարծիք է հայտնում սննդի անվտանգության ոլորտի միջազգային փորձագետ, ՀՀ ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:
Փորձագետը հայտնում է, որ վաճառքի հետ կապված մրցակցությունը բավականին մեծ է, և ինչպես կապիտալիստական երկրներում, մեզ մոտ նույնպես մեծածախ վաճառք իրականացնողները փորձում են ոչ թե ուղղակի խաղից դուրս հանել փոքրերին՝ այլ «կուլ տալ» նրանց:
Ինչու՞ են խուսափում սպանդանոցային մորթից
Փորձեցինք, պարզել, թե գյուղացու համար մեկ ոչխարի սպանդը որքա՞ն կարժենա, ինչին Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ հանդիպումներ են եղել տարբեր սպանդանոցների գործարկողների հետ, ըստ հաշվարկների, միջինում, նրանք մանր եղջերավորի համար 3-4.000 դրամ գին են առաջարկել, խոշոր եղջերավորի համար՝ 8-10.000 դրամ, խոզերի համար մի փոքր քիչ կամ էլի 8-10.000 դրամ:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է, որ պետք է կանոնակարգեր մշակվի, թե ինչպես պետք է սպառողից գնվի այդ անասունը, օրինակ եթե գյուղացուց այդ նույն միսը գալիս գնում են 1500-1800 դրամով, իսկ սպանդանոցում գնեն 800-1000 դրամով, բնականաբար դա գյուղացուն ձեռք չի տա դրա համար էլ նրանք կփորձեն բակային պայմաններում մորթն իրականացնել: «Բակային պայմաններում մորթն իրականացնելու առաջին խնդիրը հիգիենան է, և հետո նաև այդ թափոնները, որոնք որ չեն օգտագործվում մորթից հետո, շատ ժամանակ հենց տեղում էլ թաղվում են, կամ տանում գետն են լցնում, ինչը բնական է, չի կարող լավ հետևանքներ ունենալ»,-հավելեց Չիլինգարյանը:
Վարդանյանը վստահեցրեց, որ երբ անցնենք լրիվ սպանդանոցային մորթին, ապա համապատասխան գրաֆիկ կլինի, գյուղացին կարիք չի ունենա ինքը ստիպված, իր միջոցներով տանի հասցնի կենդանուն սպանդանոց:
Ի՞նչ ճանապարհ է անցնում միսը, մինչ մեր սեղաններին հասնելը
Սննդի անվտանգության ոլորտի միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ ոլորտում առկա են նաև կոռուպցիոն ռիսկեր, որոնք պայմանավորված են սպանդանոցային կնիքներ ստանալու, դրանք կեղծելու հետ կապված: Նա մասնավորապես առանձնացնում է մի քանի խնդիրներ.
- ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեկ սերտիֆիկատի տակ, մի քանի տեղից միսն ու մսեղիքը չի մթերվել
- հնարավոր է վերցնել սպանդանոցի կնիք, ու գումարի դիմաց բակային մորթի ժամանակ մսեղիքը որպես սպանդանոցային մորթի ենթարկված միս կնիքել
Բացի սրանից կոռուպցիոն ռիսկեր կան նաև կենդանիների հաշվառման ժամանակ: Այս մասին հայտնեց «Անասնաբույժների համահայկական ասոցիացիայի» նախագահ Վահրամ Գեյիկյանը:
Նա մասնավորապես նշում է. «ՀՀ-ում առաջնային խնդիր է կենդանիների հաշվառումը: Գյուղացիները հիմնականում խուսափում են հաշվառման ներկայացնել առկա գլխաքանակը: Դա հաճախ պայմանավորված է նրանով, որ նրանք մտավախություն են ունենում զրկվել նպաստից»:
Նման դեպքերում ռիսկային է համարվում գործընթանցն անցկացնող աշխատակցի և կենդանու սեփականատիրոջ անմիջական շփումը, ինչի արդյունքում հնարավոր է, օրինակ՝ 3 կովը դառնա 1, 8 ոչխարը՝ 3 և այլն:
«Անասնաբուժությունը մահացող մասնագիտություն է: Այն նաև շատ ցածր է վճարվում: Ոչ մի երիտասարդ շահագրգռված չի աշխատել այդ ոլորտում, քանի որ որպես օրինակ նշեմ՝ մեկ կովի պատվաստման համար տրամադրվում է 80-100 դրամ, հասկանալով այդ թվերը, չես կարող բացառել, որ կողքից այլ գումար հնարավոր է վերցնեն»,-հավելեց Գեյիկյանը:
Ինչպես Իրավաբան.net–ին հայտնում են Գյուղատնտեսության նախարարությունից՝ միս և մսամթերք վաճառող տնտեսվարողների գործունեության համար թույլտվություն, լիցենզիա կամ սերտիֆիկատ չի պահանջվում: «Համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ կենդանական ծագման հումքի և մթերքի առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են՝
-իրացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման հումք և մթերք,
-հաշվառել լիազոր մարմնում՝ անձամբ կամ փոստային առաքման կամ ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով»:
Այսինքն այստեղ ևս հնարավոր են կոռուպցիոն սխեմայով աշխատող շղթայով սպառողին հասցնել անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսամթերք՝ նախապես համաձայնության գալով անասնաբույժի, սպանդանոցի տիրոջ կամ մեկ այլ աշխատակցի հետ:
Դավիթ Պիպոյանը հայտնում է, որ այն տաղավարները, որոնք նրանց կողմից ենթարկվեն են հետազոտության,այդ թվում անցած տարվա հետազոտությունները, ցույց են տվել, որ ոլորտում շատանում են բարձր ռիսկային տաղավարները, իսկ հայկական իրականությունն էապես տարբերվում է արտասահմանյան երկրների իրականությունից: Ինչո՞ւ՝ որովհետև արտասահմանյան երկրներում, երբ ներմուծվում է հումքը, ապա այն պետք է արդեն իսկ համապատասխանի անվտանգության ցուցանիշներին, իսկ եթե տաղավարն ապահովում է վտանագավորության ցածր ռիսկային մակարդակ, ապա ինքնին պարզ է, որ ռիսկ չպետք է լինի:
«Մեզ մոտ՝ ՀՀ-ում, քանի որ կա հավանականություն, որ տաղավարը կարող է լինել ցածր ռիսկային, բայց հումքն արդեն կեղտոտ գա (հումքը բերվի անհասկանալի պայմաններում՝ տրանսպորտային միջոցներ, բակային պայմաններում իրականացված սպանդը՝ հատկապես, եթե այն եղել է շոգ պայմաններում և այլն) կամ սառնարանում չպահպանվի, բնականաբար նույն պատկերը չէինք կարող ունենալ, օրինակ 40 աստիճան տաքության դեպքում ու սառնարանում պահվող միսը նույն բակտերիալ ֆոնը չեն կարող ունենալ, և չնայած նրան, որ նմուշառումները վերցվել են օրինակ ցածր ռիսկայնություն ունեցող տաղավարից, միևնույն է անվտնագության նորմատիվներին չէին համապատասխանում»:
Այն հարցին, թե արդյո՞ք այդ դիտարկումներից հետո հաջորդ տարիներին որևէ փոփոխություն եղավ, թե՝ ոչ, Պիպոյանը պատասխանեց՝ այո, եղավ, վիճակն ավելի վատթարացավ: «Եթե 2013թ-ին բարձր ռիսկային տաղավարների մակարդակը կազմում էր 60%, ապա վերջին ցուցանիշներով այն դարձել է 80%, այսինքն ունեցանք բացասական միտում»:
«Բարձր ռիսկային տաղավարներում հայտնաբերվել էինք՝ թրթուրներ, որը նորմալ է, քանի որ միջատներն ազատ հասանելիություն են ունենում մսեղիքին հասնելու համար, հայտնաբերվել էր մարդու համար ախտածին միկրոօրգանիզմ՝ լիստերիա մոնոցիտոգենես: Մենք միացել ենք ԱՄՆ անվտանգության համակարգին և մեր ամերիկյան գործընկերները ծանոթացնում են իրենց տվյալների բազային և եթե այնտեղ, կամ ցանկացած զարգացած երկրում նման բան հայտնաբերվեր, ապա մեծ աղմուկ կբարձրանար, այդ մսեղիքի ամբողջ խմբաքանակը պարտադիր հետ կկանչվեր, կոչնչացվեր, հատուկ միջոցառումներ կիրականացվեին: Իսկ մեզ մոտ՝ դե լիստերիա է էլի…»:
Լիստերիան, որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմ է հաստատվել նաև Կառավարության2005 թ.-ի նոյեմբերի 15 N 2121-Ն որոշմամբ:
«Ըստ վերջին վիճակագրության, այս հիվանդության բռնկում աշխարհում եղել է 18.000 մարդու մոտ, որից հոսպիտալացվել են 13.715-ը, իսկ մահացել 318 մարդ: Այսինքն այն կարող է ունենալ մահացու ազդեցություն: Նման տվյալներ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը»,-ավելացրեց Դ.Պիպոյանը:
ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը հավելում է, որ հաճած մեղադրվում են միայն անասնաբույժները, ովքեր ստուգումներ են անցակացնում, այնինչ.
«Եթե դուք կարծում եք, որ չեք օգտվում տարբեր շուկաներից, դա իրականում այդքան էլ այդպես չէ, քանի որ նման շուկաները մեծածախ վաճառք են իրականցնում և շատ հանրային սննդի կետեր՝ ճաշարաններ, սրճարաներ ու ռեստորաններ գնում են այդ միսը:
Երբ մենք ասում ենք սանկցավորող ապարատ, մենք միանգամից հասկանում ենք՝ տուգանք: Իրականում. այդ ամբողջ խմբաքանակի ոչնչացումը մի քանի անգամ ավելի թանկ կլինի, քան կամայական տուգանքը: Պատկերացրեք, եթե մեր ուսումնասիրությունների ժամանակ 40 աստիճան շոգի պայմաններում վաճառվող մսի ամբողջ խմբաքանակն իսկապես ետ կանչվեր ու ոչնչացվեր, հաջորդ օրը քանի՞ տնտեսվարող կշարունակեր իր գործունեությունը»,-հավելեց Դավիթ Պիպոյանը:
Թե ինչո՞ւ նման պարագայում չի ոչնչացել այդ խմբաքանակը, Պիպոյանը նշում է հավանական մի քանի տարբերակ՝
- անհոգատար ու ոչ սրտացավ վերաբերմունք մեր ազգակիցների նկատմամբ
- շահերի բախում
- 0-ական կոմպետենցիա
«ՀՀ-ում ամեն օր խախտվում է Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքը»,-ընդգծեց Պիպոյանը:
Ալիսա Չիլինգարյան
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Այս թեմայով կարդացեք նաև՝
- Բրազիլիայի մսամթերքի խոշոր արտադրողները «տավարի փտած միս են արտահանել». BBC
- Չմակնշված ապրանքատեսակներ՝ երևանյան սուպերմարկետներում
- Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունի ԳՄՕ-ն և արդյո՞ք ՀՀ-ում կա նման սննդամթերք
- Հայաստանում ԳՄՕ սոյա է օգտագործվում երշիկեղենի, կետչուպների և այլ արտադրությունների մեջ
- Մտահոգություն ունենք, որ այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի. Հրաչ Բերբերյան
- Ասում ենք, թե ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգություն ունենք, իսկ իրականում չունենք. Դավիթ Պիպոյան
- Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում
- Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը
- «Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան
- ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը
- Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել
- Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի
- Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում
- Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյան