Պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի վրա նոր ժամկետ մակնշելն անգրագետ մարդու արարք է: Այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ պատասխանելով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչած հարցին, թե խոսակցություններ են պտտվում, որ խանութների պահեստներում ժամկետնանց սնունդը նորից է պիտակավորվում և նոր ժամկետ է նշվում:
«Մենք նման փաստ չունենք արձանագրած, որ պիտանելիության ժամկետի փոփոխություններ լինեն, և եթե նման փաստեր լինեն, խնդրում ենք տրամադրել ծառայությանը, կոնֆիդենցիալ կընդունենք այդ տեղեկատվությունը, ուղղակի հիմնավորող փաստերով, որովհետև շատ են լեգենդները՝ բոլորը խոսում մի բանի մասին, որ կա, բայց ոչ մեկ չի կարողանում հիմնավորել դրա առկայությունը»,-ասաց Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով շատ հաճախ տնտեսվարողներն են իրենց դիմում, իրենց պահեստներում առկա ժամկետնանց սնունդը ոչնչացնելու համար:
«Արդեն իսկ կարող ենք ասել, որ տնտեսվարողները գիտակցում են, որ այդ սննդամթերքը պետք է չիրացնեն, պետք է ոչնչացնեն։ Իսկ խանութները սննդամթերքը հետ վերադարձի սկզբունքով են ընդունում և խանութներում սննդամթերքի ժամկետի փոփոխության կարիք ես չեմ տեսնում»,-հավելեց նա:
Ա.Չ.
Նյութը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործարկվող «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանականերում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ: